Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ է այցելել: Կենտրոն, Նորք Մարաշ նստավայրում Ջհանգիրյանը շրջեց դատավորների աշխատասենյակներում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Քրեական գործեր քննող դատավորները պահարանները հերթով բացեցին ու փաստեցին՝ գերծանրաբեռնված են աշխատում:
Հաստիքների ավելացում սպասվում է, բայց ոչ քրեական առաջին ատյանում: Այստեղ խնդիրը կլուծեն օրենսդրական փոփոխությունների ու կոռուպցիոն դատարանի գործարկմամբ: Առաջին փուլով հաստիքներ կավելացնեն վարչական ու սնանկության դատարանում, Վերաքննիչում:
Գագիկ Ջհանգիրյան (ԲԴԽ նախագահի պաշտոնակատար) - Ունենք 42 հաստիքի ծրագիր, որից 20-22-ն առաջին փուլում է ավելանալու՝ կապված աշխատասենյակների, նստատեղերի, դահլիճների կառուցման հնարավորույթյունների հետ: Հենց տեղերը լինեն, անմիջապես մրցույթ ենք հայտարարելու, ընտրություններ ենք կազմակերպելու:
Խնդիրը լուրջ է: Քրեական գործեր քննող դատավորները Ջհանգիրյանին նաև Երևանի ընդհանուր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ ուղեկցեցին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործերի թիվը կրկնակի ավելացել է: Օրական 800-900 գործ են մուտքագրում: Մեկ դատավորի վարույթում մինչև 100 քրեական գործ կա:
Լիլիթ Մկրտչյան (Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի պետ) - Գրասենյակն աշխատում է արտաժամյա ռեժիմով. մինչև 7:30 մուտքագրում են, դատավորներն են գերծանրաբեռնվում, դատավորը ստանում է օրական 60 գործ, որը ֆիզիկապես հնարավոր չէ ուսումնասիրել, վարույթի հարց լուծել:
Քաղաքացիական գործերով դատավորների համալրումը հեշտ է, բայց քրեական գործերի դեպքում դատավորների խնդիր կա: Նախընտրում են մասնավորում իրավաբան աշխատել, քան դատարաններում քրեական գործեր քննել:
Գագիկ Ջհանգիրյան - Պատճառները շատ են. ցածր են վարձատրվում, ծանրաբեռնվածությունը մեծ է, պրիստիժային չէ այսօր:
Որպեսզի աշխատանքը հրապուրիչ դարձնեն, առաջիկայում նաև կփորձեն աշխատավարձի բարձրացման հարցը կարգավորել, սոցիալական երաշխիքներ տալ. արդեն Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Ջհանգիրյանը: Հավելեց՝ կենսաթոշակի հետ կապված խնդիրներն էլ են օրակարգում:
Գագիկ Ջհանգիրյան - Փորձում ենք բարելավել կենսաթոշակի բարելավման հեռանկարը, աշխատավարձի բարձրացման խնդիր ենք առաջադրել, դատավորի աշխատանքը հրապուրիչ դարձնելու սոցիալական երաշխիքներ:
Քննարկման ընթացքում դատավորները մի շարք խնդիրներ առանձնացրին՝ օրենսդրականից մինչև դատավարական հարցեր, համակարգիչներից մինչև գործերի պահման համար նախատեսված մետաղյա պահարաններ:
Ջհանգիրյանը մտահոգությունները գրի առավ, ասաց՝ այս շաբաթ աշխատանքային խումբ է ստեղծվելու, կփորձեն օրենսդրական, խորքային բարեփոխումներով լուծել դատական համակարգում առկա խնդիրները: