ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձավ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ Թուրքիայի օժանդակությամբ և միջազգային ահաբեկչության ներգրավմամբ, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին և դրա հետևանքներին:
«Բավական է միայն նշել, որ Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում 2020 թվականին արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը եռակի ավելի է 2019-ի համեմատ, և այդ դեպքերի 50 տոկոսը արձանագրվել է պատերազմական գործողությունների ընթացքում: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 1683 քրեական գործ:
Հաղորդման մեջ 2020 թվականի հուլիս-նոյեմբեր ամսիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում հանցավոր դրսևորումների բացահայտման, մեղավոր անձանց հայտնաբերման, քրեական հետապնդման ոլորտում կատարված ծավալուն աշխատանքը ներկայացված է երկու ուղղությամբ: Առաջին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության Զինված ուժերի կողմից կատարված հանցագործություններ, երկրորդ՝ պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ-ի և Արցախի Հանրապետության պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված հանցավոր դրսևորումներ»,- ասաց Դավթյանը:
Դատախազի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության Զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերով հարուցված շուրջ 100 քրեական գործերի քննության ներկայիս փուլում ձեռք բերված ապացույցներով հնարավոր է հանգել հետևությունների, որ Ադրբեջանը, սկսած 2020 թվականի օգոստոսի սկզբից, իր Զինված ուժերում Թուրքիայի բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների մեծաքանակ ներգրավմամբ, նրանց կողմից Ադրբեջանի զինված ուժերի ծառայողների հետ զանգվածային, մարտական պատրաստությունների իրականացմամբ, ընդհանուր զորահավաքով իրականացված պահեստազորի զորակոչով կանոնավոր բանակի զորամիավորումները Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում, իսկ հրետանային միջոցներն ու այլ զինտեխնիկան նաև սահմանամերձ բնակավայրերում նախապես տեղակայելու միջոցով իրականացրել է Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի սանձազերծման մասշտաբային նախապատրաստական աշխատանքներ:
«Պարտադրված պատերազմի ընթացքում Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքները, պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և Զինված ուժերի կողմից կատարվել են ռազմական բազում հանցագործություններ: Համակարգված, նպատակաուղղված գրոհների են ենթարկվել Արցախի և Հայաստանի խոր թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները, պաշտպանության իրավական երաշխիքներով ապահովագրված սուբյեկտները, լրագրողներ, վիրավորներ, բուժաշխատողներ, երեխաներ և այլն: Սպանվել կամ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հազարավոր զինծառայողներ, քաղաքացիական անձին, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր: Ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ Զինված ուժերի դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվել են արգելված, այդ թվում նաև քիմիական որոշակի արգելված բաղադրություններով զինատեսակներ: Գերեվարվել են Արցախի Զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական անձինք, որոնք ենթարկվել են խոշտանգումների, դաժան սպանությունների, զոհված զինծառայողների քաղաքացիական անձանց մարմինները ենթարկվել են անարգանքի տարատեսակ դրսևորումների: Կազմակերպվել է միջազգային ահաբեկչական խմբավորումների հազարավոր վարձկանների, Մերձավորարևելյան տարածաշրջանից ապօրինի կերպով Թուրքիայի տարածքով դեպի Ադրբեջան տեղափոխումը, նախապատրաստումը, վարձատրումը և ռազմական գործողություններին ապահովումը»,- ասաց Դավթյանը:
Նա նշեց, որ քրեական գործերով ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները՝ ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների, ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողություններն ամբողջացնելու, մեղքը հիմնավորող ապացույցների լիարժեքությունն ապահովելու ուղղությամբ: Հարուցվում են քրեական հետապնդումներ: