Ժողովրդագրության բարելավման էական փոփոխություններ են իրականացվել՝ հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ Կառավարությունը դեռ 2019 թվականին փոփոխել է երեխայի ծննդի միանվագ նպաստների համակարգը՝ «առաջին երեխայի դեպքում 50 հազարի փոխարեն 300 հազար դրամ դարձնելով, իսկ երկրորդ երեխայի՝ 150 հազար դրամի փոխարեն կրկին 300 հազար դրամ դարձնելով»: Ավինյանը շեշտեց, որ 2020-ին 2019-ի համեմատ ծնելիության աճ եղել է, և այդ ծրագրերը նպաստել են:
Ավինյանը նաև հիշեցրեց, որ հիփոթեքային երեք նպատակային ծրագրեր կան, որոնք աջակցում են երեխա ունեցող ընտանիքներին: Ասաց՝ բեկումնային ծրագիրը դեռ առջևում է: Նպատակն է լինելու հայկական ընտանիքներում խրախուսել նվազագույնը 3 երեխա ունենալը: Նախագիծը շուտով կշրջանառվի: