130-ամյա այս գլուխգործոցն առաջիկայում կսկսի իր ճամփորդությունը դեպի մոսկովյան ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Տրետյակովյան պատկերասրահ: «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործությունն ի թիվս այլ հռչակավոր գործերի՝ կցուցադրվի Միխայիլ Վրուբելի հոբելյանական ցուցահանդեսում: Սակայն մինչև այդ այն ենթարկվել է փորձաքննության, որոշվել է նկարի ապահովագրական արժեքը, որը չի հրապարակվում:
Գրեթե քառորդ դար Ռուսական արվեստի երևանյան թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկն աղմակահարույց պատմության կիզակետում է: Գլխավոր ֆոնդապահ Վերա Կալչուրինան, որ թանգարանում աշխատում է առաջին իսկ օրից, այսօրվա պես հիշում է, թե ինչպես 25 տարի առաջ նկարն անհետացավ առեղծվածային պայմաններում:
22 տարի շարունակ միջազգային հետախուզումից հետո այն հայտնաբերեցին և Երևան վերադարձրեցին ռուսական հատուկ ծառայությունները: Վրուբելի գլուխգործոցը գրեթե ոչնչացվել ու վերածնվել էր. այն ձեռքից-ձեռք էր անցել, խիստ վնասվել և տևական վերականգնումից հետո միայն վերադարձվել թանգարանին:
Ռուսական սիմվոլիզմի յուրահատուկ նմուշներից այս գործն ստեղծվել է Լերմոնտովի մահվան 50-ամյակի առիթով՝ «Դևը» պոեմի նկարազարդման նպատակով: Վրուբելի 36 գծանկարից 11-ը նվիրված էր «Դևին», այդ թվում նաև առևանգված նկարը: Այս տարի երևանյան թանգարանի բացառիկ ցուցանմուշը, որպես արվեստի գործի վերականգնման փայլուն օրինակ, կմասնակցի նաև ռուսական մի այլ խոշոր ցուցահանդեսի:
Մեծ ճամփորդությունից հետո նկարը կվերադառնա տուն. առևանգման խորհրդավոր պատմությունից հետո արվել է ամենը, որ մեծարժեք ստեղծագործությունն անկորուստ և ապահով հասնի Երևան՝ հայտնի նկարչի «Դեմոնիանայի» եզակի նմուշով շարունակելով գերել մարդկանց սրտերը: