Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց. դիրքորոշումը հայկական կողմը վերահաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը:
Նեղ և ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Արա Այվազյանը հայտարարեց՝ համապարփակ լուծմանը կարելի է հասնել բացառապես խաղաղ-բանակցային ճանապարհով, ինչպես նաև ընդգծեց այն սկզբունքը, որի հիմա վրա պետք է հանգուցալուծվի Արցախյան հակամարտությունը:
Արա Այվազյան (ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար) - Նման կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի կարգավիճակի որոշումը այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը:
Հայկական կողմի օրակարգում գլխավոր հարցերից մեկը՝ գերիների վերադարձն է: Խնդիրը նույնպես քննարկվել է, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին արտգործնախարարները չհայտարարեցին:
Սերգեյ Լավրովի այցի նախօրեին Բաքվից Երևան էր տեղափոխվել երեք հայ ռազմագերի: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ արձանագրեց՝ չնայած տարբեր միջազգային կառույցների կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է գերիներին չվերադարձնելու և հայկական մշակութային կոթողների նկատմամբ վանդալիզմ իրականացնելու քաղաքականությունը:
Արցախյան հակամարտության և գերիների մասին խոսեց նաև Սերգեյ Լավրովը: Ռուսական կողմը չի նվազեցնում ջանքերը՝ պատանդ պահվող անձանց վերադարձի համար:
Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացի վերականգնմանը՝ ապա այն արդեն մեկնարկել է՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Երբ մարդիկ զգան այդ աշխատանքի գործնական օգուտները և խաղաղ կյանքի առավելությունները, այլ կերպ կվերաբերվեն այն հարցերին, որոնք, ըստ Լավրովի, որոշ գործընկերներ փորձում են սրել:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Պետք չէ քաղաքականացնել գործընթացը: Այն բավականին բարդ է ընթանում, քանի որ որոշվում են երթուղիների, շփման գծի, սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հարցեր: Դրանք պետք է լուծել, որպեսզի տարածաշրջանը շնչի և սկսի ապրել խաղաղ կյանքով: Ովքեր փորձում են այս հարցերը թողնել հետագա քննարկման և զբաղվել քաղաքական բանավեճով, կարծում եմ, ամբողջ գործընթացը գլխիվայր են շրջում:
Եռակողմ աշխատանքը փոխվարչապետների մակարդակով նախատեսում է պայմանավորվածություններ, որոնք կողմերը պետք է կայացնեն բացառապես ինքնակամ, փոխադարձ շահի վրա հիմնված՝ հայտարարեց Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրում ուժով միջանցք ստանալու սպառնալիքը:
Արցախյան հակամարտությունից զատ կողմերը քննարկել են Հայաստանին ռուսական պատվաստանյոութով ապահովելու հարցը: Այդ մասին ավելի վաղ խոսել էին նաև երկու երկրների ղեկավարները: Այսօր Երևանում Լավրովը հայտարարեց.
- Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է մի քանի տասնյակ հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ, և այժմ մշակվում է Երևանի կողմից ևս 1 մլն չափաբաժին ձեռք բերելու, նաև Հայաստանի տարածքում դրա արտադրության կազմակերպման հարցը:
Կողմերը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության վերաբերյալ: Լավրովը գոհունակությամբ հայտարարեց հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին՝ մեջբերելով վիճակագրությունը: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը տարեսկզբից արդեն երկու հանդիպում են անցկացրել: 8 անգամ հեռախոսով խոսել: Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր տնտեսական գործընկերը:
Ապրանքաշրջանառությունը 2020 թվականին նվազել է ավելի քան 9 տոկոսով, որը պայմանավորված է կորոնավարակով: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ ծավալները արագ կվերականգնվեն:
Բանակցություններից առաջ Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, նաև ջրել է տարիներ առաջ իր տնկած եղևնին: