Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորվել է, ռուս խաղաղապահները կարգավորում են ծագող աննշան միջադեպերը՝ Երևանում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ «տեղում» իրավիճակը զգալիորեն կարգավորվել է: Լավրովը նաև նշել է կարգավորման հարցում դրական միտումների մասին:
«ՌԴ խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր: Այն տեղակայված է շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Աննշան միջադեպերը, առանց որոնց, հավանաբար, ոչ մի գործողություն չի անցկացվում, օպերատիվ և արդյունավետ կերպով կարգավորում են մեր խաղաղապահ զինծառայողները»,- ընդգծել է Լավրովը:
Նա նաև կոչ է արել չքաղաքականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմամբ մեկնարկած՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը:
«Այժմ պետք չէ քաղաքականացնել գործընթացը, այն բավականին դժվար է ընթանում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: