ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել Երևանում: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է փոխադարձ շահեր ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
«Ժամանակով ստուգված դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ ենք: Բանակցությունների ընթացքում արձանագրել ենք, որ մեր միջև ակտիվ զարգանում է քաղաքական երկխոսությունը, նախևառաջ՝ բարձր և գերագույն մակարդակներով: Մեր ղեկավարներն արդեն այս տարի անցկացրել են երկու լայնածավալ դեմառդեմ հանդիպում, ութ հեռախոսազրույց, երկու անգամ հանդիպել են կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև կարգավորված են ինտենսիվ փոխգործակցությունները համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջև»,- ընդգծել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ քննարկվել է առևտրատնտեսական հարցերի ամբողջ համալիրը: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը մնում է առաջատար գործընկերն ու ներդրողը Հայաստանում՝ չնայած անցյալ տարվա առևտրաշրջանառության մոտ 10 տոկոսով նվազմանը:
«Մտադիր ենք վերականգնել մեր տնտեսական կապերի աճի միտումը՝ տնտեսական համագործակցության գծով կառավարական հանձնաժողովների հերթական նիստի շրջանակում, որը նախանշված է անցկացնել այս տարի»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: