Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Կողմ է քվեարկել խորհրդարանի՝ Սաեյմայի 100 անդամից 58-ը, Ֆեյսբուքի էջում հայտնել է Մերձբալթյան երկրներում առաքելությունն ավարտած դեսպան Տիգրան Մկրտչյանը, ընդգծել, որ դա երկարատև դիվանագիտական աշխատանքի արդյունք էր:
Գործընթացի մասին «Լուրեր»-ին մանրամասներ է հայտնել Հայաստանում Լատվիայի պատվո հյուպատոսը:
Արմեն Ղասաբօղլյան (ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս) - Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման ու դատապարտման գործընթացը ո՛չ մի օրվա, ո՛չ էլ մի տարվա նախապատմություն ունի: Այն երկար տարիների համատեղ աշխատանքի արդյունք է: Այս գործընթացում մեծ դեր են ունեցել, անկախությունից ի վեր, Լատվիայում Հայաստանի բոլոր դեսպանները, Հայաստանի բոլոր գումարման խորհրդարաններում Լատվիայի հետ բարեկամության խմբերը, Լատվիայում հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռիգայի Հայ առաքելական եկեղեցին:
Իհարկե, կարծում եմ նաև, որ Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստեց նաև վերջերս ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության ճանաչումը: