Կառավարությունը փոփոխություններ է կատարում Կարանտինի մասին որոշման մեջ:
«Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է ընձեռել վերանայել սահմանափակումների շրջանակը: Ճկուն կերպով փորձում ենք ներդնել պատվաստումային գործընթացը՝ դրան զուգընթաց նաև հետևելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին՝ թեթևացնել կարանտինի մասին որոշման կետերը: Նախագծով այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ» անձնագիրը, այսինքն՝ երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ»,- ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ պետք է ուշադիր լինել, թե ՀՀ-ից մեկնելու դեպքում տվյալ երկիրը ինչ պահանջ է ներկայացնում:
Փոփոխությունների համաձայն՝ հանվել է մինչև մեկ տարեկան երեխաներին երկրի մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը:
«Ուսումնասիրություններ անելուց հետո հանգեցինք եզրակացության, որ մինչև մեկ տարեկան երեխաներին զերծ պահենք, քանի որ եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում, և բացասական կլինի արդյունքը: Որոշել ենք նաև հստակեցնել ՊՇՌ արդյունք չունեցող և հրաժարվող քաղաքացիների մեկուսացման և հոսպիտալացման կարգերը, քանի որ մեր օրենքը հնարավորություն է տալիս երկու ռեժիմ կիրառել: Եթե անձը ունի որոշակի սիմպտոմներ, ապա նա ենթակա է հոսպիտալացման, բայց եթե չունի որևէ սիմպտոմ, այլ ուղղակի հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնել և չունի պատվաստված լինելու մասին հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմը»,- ասաց Ավանեսյանը: