ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-ռուսական ռազմական, կրթական համագործակցության թեմաներին, ինչպես նաև Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարմանը:
«Ընդգծել ենք ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության կարևորությունը: Անդրկովկասում անվտանգության պահպանումն իրականացնում են 102-րդ ռուսական ռազմաբազան, հայ-ռուսական միավորված զորախմբերը և ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը:
Այսօր ստորագրել ենք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով, քննարկել ենք կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերը: Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժին: Այժմ էլ քննարկվում են Երևանին ևս մեկ մլն չափաբաժին տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի տարածքում պատվաստանյութի արտադրությունը կազմակերպելու հարցերը»,- նշել է Լավրովը:
Լավրովն անդրադարձել է նաև կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների հաջող զարգացման թեմային: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ՌԴ-ում ուսում է ստանում Հայաստանի 5 հազար քաղաքացի: