ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ հարուցվե՞լ են արդյոք քրգործեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործված՝ արգելված զինատեսակների օգտագործման փաստով:
Դավթյանը նշեց, որ, այո, քրգործեր հարուցված են, ռազմական գործողությունների ընթացքում էլ մշտական մոնիթորինգ է իրականացվել՝ և՛ սոցցանցերում, և՛ մշտական կապ է եղել ԶՈՒ աղբյուրների հետ:
«Մեր խնդիրն է եղել՝ այդ օրերի ընթացքում հնարավոր ռազմական հանցագործության դեպքի վերաբերյալ հրապարակային որևէ տեղեկություն չթողնել անարձագանք: Հիմա համապատասխան ապացուցողական բազայի ապահովման և այդ թվում նաև կոնկրետ մեղավորների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Բոլոր դեպքերը քրեաիրավական արձագանքի են արժանացել»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ մեղադրյալ անձանց ներգրավումը ընթացիկ գործընթաց է, բայց այս պահին այդ հարցերի վերաբերյալ հրապարակումներ դեռ չեն արվում: