ԿԳՄՍ նախարարության բյուջեն կավելանա 2 մլրդ 942 մլն դարամով. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:
Ըստ Դումանյանի՝ նախատեսվում է գումարը հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար, ինչպես նաև Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինաշխատանքների մեկնարկման համար:
«Փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման համար նախատեսված է 1.5 միլիարդ դրամ: Այստեղ ներառված են 2 դպրոց Արագածոտնում, 1-ը՝ Արարատում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2-ը՝ Գեղաքրունիքի մարզում, 3-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Լոռու, 2-ը՝ Կոտայքի մարզում, 1-ը՝ Շիրակի, 1-ը՝ Վայոց ձորի մարզում: Բոլոր դպրոցներում, ուզում եմ հատուկ նշել, որ նախատեսված են ապաստարաններ, և ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է դառնան համանքային կենտրոններ՝ մշակութային, սպորտային և այլն»,- նշեց Դումանյանը:
Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար 1 մլրդ 396 միլիոն դրամ է նախատեսվում: Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 միլիոն դրամ:
«Մնացած մարզերում՝ յուրաքանչյուր մարզում աշխատանքները սկսելու, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսվում է 100 միլիոն դրամ»,- նշեց Դումանյանը: