ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության հեղինակած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը նշեց, որ նախագիծը քննարկվում է արտահերթ ռեժիմով, քանի որ առաջին՝ կարևոր է, որ այն ընդունվի 7-րդ գումարման ԱԺ-ի կողմից՝ մինչև դրա արձակումը, երկրորդ՝ կարևոր է, որ նախագիծն ընդունված լինի այն ժամկետներով, որ դրա որոշ դրույթներ կիրառելի լինեն հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին:
«Փոփոխությունների ուժի մեջ մտնելը մեծապես կախված է նրանից՝ այն կստորագրվի նախագահի կողմից, թե ոչ: Ուստի մինչև երկրորդ ընթերցում, որը տեղի կունենա վաղը, մենք ունենք վերջին խիստ սահմանափակ հնարավորությունն այն իրականացնելու, այլապես այս փաթեթը կլինի օրենսդրության մաս արդեն ապագա ընտրությունների համար»,- ընդգծեց Դանիելյանը:
Նա նշեց, որ ԸՕ փոփոխությունների նախաձեռնությունը եղել է մեծամասնության հանձնառություններից, և փոփոխությունների մշակումը սկսվել է դեռևս 2020 թվականի ամռանից: Պատերազմը, սակայն, ըստ նրա, փոխեց պլանները և ստիպեց վերանայել որոշակի առաջնահերթություններ:
Դանիելյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է անցնել պարզ համամասնական ընտրակարգի՝ վերացնելով ռեյտինգային ընտրակարգը: Նա նշեց, որ այդ փոփոխությունը ողջունել է նաև Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակը:
Հարակից զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը հստակեցրեց, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու գործող օրենսգրքով, որևէ կարգավորում չի փոխվելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ ԸՕ փոփոխությունների ընդունում եղել է իրենց քաղաքական թիմի հանձնառությունը, ուստի իրենց խնդիրն էր՝ այն քննարկել և ընդունել մինչև ԱԺ արձակումը: