Զինված ուժերի մարտունակությունը բարձրացվում է ոչ միայն սպառազինության ձեռքբերմամբ, աշխատավարձերի բարձրացմամբ կամ սննդի նոր համակարգի ներդրմամբ, այլև սոցիալական ծրագրերի ակտիվ կիրառմամբ: 2019-ին ներդրված՝ պարտադիր զինծառայության անցած շարքային ու կրտսեր ենթասպայական կազմի ընտանիքի անդամներին պետության ֆինանսավորմամբ բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը, առողջապահականից բացի, միտված է հենց բանակի մարտունակության բարձրացմանը՝ առողջապահության նախարարությունում խորհրդակցության ժամանակ արձանագրում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Երբ որ զինվորը հետ չի նայում, թե իր հիվանդ ծնողի առողջապահական կարիքները ինչպե՞ս պետք է հոգա, կամ կհոգա՞ որևէ մեկը, դա փոխում է հոգեբանական իրավիճակը, և այսօր այս շեշտադրումը անել շատ կարևոր է, որովհետև շատ է խոսվում, հասկանալի պատճառներով, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Անվճար են նաև մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայությունները, հաջորդ ծրագրին է անդրադառնում Փաշինյանը: Դեռևս 2018-ին արձանագրվել է, որ մինչև 18 տարեկան տղաների ճնշող մեծամասնությունը առողջական խնդիրներ ունի:
Նիկոլ Փաշինյան - Էս ծրագիրը հենց այնպես չի ծնվել ... ճնշող մեծամասնություն, ունեն առողջական խնդիրներ, և սա, կարծում եմ, որ մեր ամենամեծ ձախողումներից մեկն է եղել մեր պետության:
Պետպատվերով բուժօգնությունը տրամադրելը ամենևին հարցի լուծում չէ, դա պայքար է հետևանքների դեմ: Ըստ Փաշինյանի՝ ավելի խորքային լուծում է ֆիզիկական պատրաստվածությունը՝ սկսած դպրոցական տարիքից, նաև՝ ճիշտ սննդակարգի պահպանումը: Կարևոր են նաև բուժհաստատությունների ենթակառուցվածքների կառուցումն ու նորոգումը: Փաշինյանը մատնանշում է վերջին շրջանում շահագործման հանձնված Արտաշատի, Սևանի բժշկական կենտրոնները, նաև Մարտունու բուժհաստատության նոր մասնաշենքի՝ արդեն մեկնարկած աշխատանքները: Եվս 6 բուժկենտրոնի նորոգման ու վերազինման աշխատանք մեկնարկել է այս տարի:
Քովիդի մասին
Վերջին շաբաթում կորոնավարակի թվերի նվազման միտում կա՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը: Հիմա առողջապահական համակարգը մեկ այլ խնդիր պետք է լուծի՝ ինչպես ավելացնել պատվաստման ծավալները: Փաշինյանի պնդմամբ, բացի առողջապահականից, պատվաստումները նաև տնտեսական ու քաղաքակրթական բաղադրիչ են պարունակում: Պատվաստման բարձր ցուցանիշը երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ ու ցանկալի է դարձնում:
Նիկոլ Փաշինյան - Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ տուրիզմի ոլորտում որոշակի սկսել է թույլ աշխուժություն նկատվել, և նաև ուզում եմ ընդգծել, որ կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը:
Վարչապետի պաշտոնակատարը կանաչ անձնագրերի էլեկտրոնային պլատֆորմն է մատնանշում, քաղաքացիները, որոնք կպատվաստվեն, այդ փաստաթղթով կանաչ լույս կստանան ճամփորդելու համար: Փաշինյանն ընդգծում է՝ գործընթացը պետք է համատարած լինի և, միևնույն ժամանակ, արձանագրում՝ այսօրվա ցուցանիշը բավարար չէ. պատվաստված քաղաքացիների թիվը նոր է հատել 5000-ի սահմանը:
Նիկոլ Փաշինյան - Ես շատ ուրախ եմ, որ մեր պետական պաշտոնյաներն իրենք են օրինակ ցույց տալիս պատվաստման, ես ինքս էլ պատվաստվել եմ և կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ինքնազգացողության փոփոխություն չեմ ունեցել:
Քանի որ հիմա պատվաստանյութի պաշարը բավարար է, անվճար պատվաստվել կարող են ոչ միայն ռիսկի խմբում գտնվողները, այլև 18-ից բարձր յուրաքանչյուր քաղաքացի՝ արձանագրում է Փաշինյանը: Եվ խոսում հակապատվաստման քարոզչության մասին՝ տարածվող ահասարսուռ ապատեղեկատվությունը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, նաև քաղաքական ենթատեքստ ունի:
Խորհրդակցության մասնակիցներին Փաշինյանը հանձնարարեց դրա դեմ պայքարել օպերատիվ՝ փաստարկված տեղեկություն տրամադրելով: