Այս կամերային՝ 72 տեղանոց թատերասրահում Պարոնյան թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը վերջին տարիներին սիրով աշխատում էր ուսանողների հետ. Փոքր բեմը հարմար էր փորձարարական, դիպլոմային աշխատանքների համար: Նախկինում տարածքը կոմեդիայի թատրոնի բեմական դեկորների արվեստանոցն էր:
Երվանդ Ղազանչյանի մահվանից գրեթե 2 տարի անց փոքր բեմն ու թատերասրահն արդեն գործում են՝ կրելով նրա անունը: «Ղազանչյան» թատերասրահը բացվում է Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի նոր բեմադրությամբ: Հայտնի դրամատուրգի ամենաշատ բեմադրված գործին Հակոբ Ղազանչյանը 2-րդ անգամ է անդրադառնում. 17 տարի առաջ այն բեմադրել է նաև ՊՀԹ-ում:
Ռաձինսկու տևական պրպտումները պատմության ամենամութ և հայտնի իրողությունների շերտերում միշտ հետամուտ են մի նպատակի՝ քննել մտավորական-բռնակալ բարդ փոխհարաբերությունները և վերստին ընդգծել մտավորականի պատասխանատվությունն այս համատեքստում: Մշտապես արդիական թեմա է՝ փաստում է ռեժիսորը:
Աշխարհի տերերի ստվե՞րը դառնալ, թե՞ գնալ ճշմարտության հետևից. հավերժական հարցի պատասխանի փնտրտուքը ռեժիսորին վերադարձրել է Ներոնի և Սենեկայի ժամանակներ, բայց պատասխանն այսօր էլ նույնն է՝ պատասխանատվությունը յուրաքանչյուրիս ընտրությունն է բոլոր ժամանակներում: