ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում հայատարությունների ժամին անդրադարձավ մամուլի ազատության օրվան՝ նշելով, որ մոնիթորինգ է արել՝ առանձնացնելով լրատվականների, որոնք, ըստ օրենքի պահանջի, պետք է մինչև մարտի 31-ը ֆինանսական հաշվետվություններ ներկայացնեին:
«Չորս էջ լրատվականների ցանկ է դուրս եկել, որոնք այս պահանջը չեն իրականացրել: Պատահականություն է թե չէ, բայց այս ցանկի մեծամասնությունն այն լրատվականներն են, որոնք անհասցե աղբյուրներից, ամենավերջին, ամենակեղտոտ բառամթերքով գրված հոդվածները շատ արագ, օպերատիվ կերպով արտատպում են իրենց էջերում:
Եվ սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մամուլի մի շարք ներկայացուցիչներ բացարձակապես պատասխանատվության որևէ զգացում չունեն քաղաքացիների առջև և չեն էլ իրականացնում չորրորդ իշխանության իրենց կարևորագույն դերը: Եվ երբ նմանատիպ խնդիրներից հետո մենք՝ որպես օրենսդիրներ, բերում ենք կարգավորող նորմեր մամուլի գործունեությունը կարգավորելու համար, հայտնվում են տարբեր փորձագիտական շրջանակներ, որոնք այն սկսում են ներկայացնել որպես մամուլի նկատմամբ ճնշում»,- նշեց պատգամավորը: