Կառավարությանը 45 օր անհրաժեշտ եղավ Պոլիտեխնիկի ռեկտորի մրցույթի արդյունքը հաստատելու համար: Մայիսի 3-ից բուհը ղեկավարում է 29-ամյա Գոռ Վարդանյանը: Նա կպաշտոնավարի 5 տարի: Մարտի 15-ին հոգաբարձուների խորհրդի 17 անդամ իր ձայնը տվել էր երիտասարդ դասախոսին, որն ուսխորհրդի նախագահի, այնուհետև ռեկտորի օգնականի պաշտոններն է զբաղեցրել: Ռեկտորի նախկին թեկնածուներից Դավիթ Ղազարյանը շարունակում է պնդել՝ մրցույթը խախտումներով է անցկացվել:
Դավիթ Ղազարյան, ՀԱՊՀ ռեկտորի նախկին թեկնածու - Դա պայմանավորված նշանակում էր: Կառավարության գործառույթն այս դեպքում հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը հաստատելն է, իսկ այդ հաշվիչ հանձնաժողովի արձանագրություն, որպես այդպիսին, չկա: Այսինքն՝ կար մի թուղթ, որի տակ ընդամենը երկու ստորագրություն էր, այնինչ պահանջվում էր, որ 5 լիներ:
Ղազարյանը դիմել է դատարան՝ մրցույթի արդյունքը չեղարկելու համար: Գործն Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունել: Ու մինչև հայցը կքննվեր, իր դիմումի համաձայն բուհից հեռացած ռեկտորի նախկին թեկնածուն միջնորդություն էր ներկայացրել, որ դատարանը Կառավարությանն արգելեր այս հարցի հետ կապված որևէ որոշում կայացնել: Միջնորդությունը մերժվել է:
Դավիթ Ղազարյան - Եթե այնպես կստացվի, որ իմ համար ճիշտ որոշում չընդունվի, կգնանք վերաքննիչ, վճռաբեկ, ընդհուպ մինչև նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որովհետև խախտվել է իմ՝ ընտրվելու իրավունքը:
Պոլիտեխնիկի ռեկտորի մեկ այլ թեկնածու՝ Արամ Միքայլեյանն էլ նոր է պատրաստվում դատարանում վիճարկել մրցույթի արդյունքը: 30 տարվա պոլիտեխնիկցին ասում է՝ համալսարանն ավելի վատ օրեր էլ է ունեցել, բայց որ ռեկտոր կընտրեին իր բնորոշմամբ 29-ամյա անփորձ երիտասարդի, երբեք չէր պատկերացնի:
Արամ Միքայելյան, ՀԱՊՀ ռեկտորի նախկին թեկնածու - Խնդիրը մեկն է՝ շինված կամ պատրաստված, կեղծ, արեստածին մրցույթ հասկացություն է, որտեղ չկա մրցակցություն, որտեղ չկան ծրագրերի, գաղափարների, ապագայի հանդեպ փոփոխություններ մտցնելու մոտեցումներ: Գոռ Վարդանյանը երիտասարդ է, ես խիստ, թեկարծիք ունեմ, որ նա կկարողանա պատվով կատարել Պոլիտեխնիկի պես համալսարանի ռեկտորի պաշտոնը:
Նոր ռեկտորին Միքայելյանը մեկ չէ, շատ հարցեր ունի: Օրինակ, ինչպե՞ս է Գոռ Վարդանյանը պատկերացնում բուհի զարգացումը: Ըստ նրա՝ Պոլիտեխնիկում հիմա լարվածություն չկա, բայց և ապագային ուղղված հստակ ռազմավարություն էլ չկա:
Արամ Միքայելյան - Գոռ Վարդանյանը չունի մանկավարժական կամ գիտական որևէ փորձ: Կցանկանամ այդ հարցադրումներն անել Գոռ Վարդանյանին՝ արդյո՞ք ծանոթ է Հայաստանում գործող արդյունաբերական ձեռնարկություններին, ստեղծե՞լ է այդ կապերը, այդ կապերն ի՞նչ կերպ կարող են ինտեգրվել Պոլիտեխնիկի ուսծրագրերին:
Ռեկտորի նախկին թեկնածուներին հետաքրքրում է նաև՝ ինչո՞ւ Կառավարությունը 1.5 ամիս մտածեց ու վերջում հարցը նիստի օրակարգում չընդգրկեց:
Դավիթ Ղազարյան - Փորձում էին մաքսիմալ գաղտնի պահել և մեզ փաստի առաջ կանգնեցնել, մինչդեռ այլ բուհի ռեկտորների հավանության տալու ժամանակ նրանց կանչում էին Կառավարության նիստին, շնորհավորում էին, հարցեր էին տալիս: Միթե այս ամենի կարիքը չկար:
Ղազարյանն ու Միքայելյանը հույս ունեն, որ դատարանն անաչառ որոշում կկայացնի, հակառակ դեպքում՝ այդ գործընթացներից կտուժի Հայաստանի տեխնոլոգիական կրթության զարգացման հնարավորությունը: