Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Արարատի մարզպետարանը:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի իրականացումն էական նշանակություն կունենա զբոսաշրջության զարգացման համար՝ անվտանգ և ժամանակակից ճանապարհի հնարավորություն ընձեռելով դեպի Դվինի հնավայր, Ազատ գետ և Գառնու տաճար:
Դիտարկվում են նաև ճանապարհի հարակից հատվածներում նոր զբոսաշրջային գոտիների և ժամանցի վայրերի հիմնման հնարավորությունները:
Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհը 18 կմ է, որից 10 կմ-ը Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի: