Մենք հազվադեպ ենք հանդիպում մարդկանց, ովքեր կարող են փոխել մեր աշխարհայացքը և օգնել հասկանալ՝ ինչն է մեզ համար ամենակարևորը: Մայքլ Բլումբերգ (ամերիկացի գործարար)
ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Kellogg School of Management-ի 2020 թ․ ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, որ շատերին իրենց հաջողությունների ճանապարհը սկսելուն «օգնել են» մենթորները։ Իսկ CNBC և SurveyMonkey հետազոտությունները, որոնց մասնակցել է ավելի քան 8,000 գրասենյակային աշխատող, ցույց են տվել՝ մենթորներ ունեցող 10 մարդուց 9-ը գտել է իր երազանքների աշխատանքը:
Սակայն ի՞նչ է մենթորությունը, ո՞վ կարող է լինել մենթոր, ո՞րն է նրա դերակատարումը մարդու հաջողության համատեքստում, ո՞վ է մենթին։ Հայաստանում այս եզրույթները լայն տարածում, գոնե դեռևս, չունեն․ դրանց իմաստն ու բովանդակությունը հասկանալու համար զրուցեցինք «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ, որը նաև վերջերս գործարկված «Իմ մենթոր» նախագծի ղեկավարն է։
«Շուրջ 3 տարի փորձում ենք Հայաստանում մենթորության ինստիտուտը կայացնել։ Մեր հարցումները և հանդիպումները ցույց տվեցին, որ քչերը գիտեն՝ ով է մենթորը։ Մենթորը մի մարդ է, որը կարող է և ցանկություն ունի իր փորձը կիսել նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենթորը մարդ է, որն իր մասնագիտական ոլորտում հասել է բարձունքների և կարող է խորհուրդներով ուղղորդել երիտասարդներին։ Սակայն ես միշտ կրկնում եմ՝ մենթորը ոչ թե տալիս է քեզ պտուղը, այլ այն աստիճանը, որը կօգնի բարձրանալ ծառը և քաղել այդ պտուղը»։
Նախագծի հեղինակը «Լոֆթ»-ի հիմնադիր Հովհաննես Առաքելյանն է։ Նախագծի նպատակը, նախևառաջ, մասնագիտական դաշտում կադրային խնդրի լուծումն է։ Հեղինակներն առանձնացնում են նաև մարզերի և մայրաքաղաքի միջև ապակենտրոնացման հարցը․
«Մենք ուզում ենք անպայման ներգրավել երիտասարդների մարզերից, որոնք արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերել։ Մենթորի հետ շփվելու համար պարտադիր չէ, որ մենթին [մենթորի կողմից ուղղորդում ստացող մարդ, որը ձգտում է անձնական և մասնագիտական աճի] ֆիզիկապես լինի Երևանում։ Կան մենթորներ, որոնք անձամբ են ուզում շփվել երիտասարդների հետ և ցանկություն են հայտնել գնալու մարզեր։
Մենք պիտի օգնենք երիտասարդներին ոգեշնչվելու և շփվելու տարբեր մարդկանց՝ անվանի գիտնականների, մշակույթի գործիչների, ուղղակի մասնագիտական որոշակի մակարդակի հասած մարդկանց հետ», - ասում է Արևիկ Համբարձումյանը։
Նախագծի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ այնպիսի ոլորտների մասնագետների հետ, ինչպիսիք են բիզնեսը, քաղաքականությունը, մշակույթը, կառավարումը, նորաձևությունը, զբոսաշրջությունը, լեզվաբանությունը, խոսքի վարպետությունը․ ոլորտները պարբերաբար համալրվում են։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել առկա ռեժիմով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ Նրա կարծիքով՝ մենթորությունը երբեմն շփոթում են քոուչինգի հետ։
«Մենթորը առանց կոնկրետ ճանապարհ ցույց տալու օգնում է մարդուն «օգնել ինքն իրեն»։ Ես՝ որպես մենթոր, չեմ կարող հաջողություն գծել ինչ-որ մեկի համար, ես կարող եմ մասնակցել այդ գործընթացին որպես «երկրորդ պլանի դերասան»։ Մենթորին, առհասարակ, սկսում ես հիշել և ավելի հասկանալ այն ժամանակ, երբ արդեն որոշակի հաջողությունների ես հասել։ Մենթորի թողած ազդեցությունը ենթագիտակցության մակարդակում է աշխատում»։
«Իմ մենթոր»-ը սոցիալական նախաձեռնություն է, որը չի հետապնդում կոմերցիոն շահ։
«Իմ շահն այս ամենից այն է, որ կարող եմ օգնել, մասնակցել հաջողության հասնելու գործընթացին․ սա «առողջ եսասիրություն» է, որն օգնում է մարդուն ինքնահաստատվել և ինքնազարգանալ»,- համոզված է Արմեն Օրուջյանը։
Չնայած նախաձեռնությունը հիմնականում գործելու է օնլայն՝ հավելվածի միջոցով, հեղինակները նպատակ ունեն նաև ակտիվացնել օֆլայն միջոցառումներն ու հանդիպումները։
«Հանդիպումները շարունակական են լինելու։ Մենթորն ու մենթին իրենք են որոշելու նախագծից հետո շարունակել շփումը, թե՝ ոչ։ Սակայն կան վերահսկման մեխանիզմներ․ մենք չենք խառնվելու նրանց շփմանը, սակայն հետևելու ենք, որ բացառված լինի ցանկացած պրոպագանդա՝ քաղաքական, սեռական, կրոնական»,- շեշտում է նախագծի ղեկավար Արևիկ Համբարձումյանը։
Նախագիծն անժամկետ է, չկան նաև տարիքային և սեռային սահմանափակումներ։