«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։
Տեղեկություններն իրացվել են մայիսի 1-ի երեկոյան։ Կասկածյալը մայրաքաղաքի Դանիել Վարուժանի փողոցում հայտնաբերվել է ու բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «Մակարով» ատրճանակ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։
Նախնական տվյալներով՝ ատրճանակը բերվել էր անցած տարի՝ Արցախից։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: