Գնաճը խառնել է բոլորի հաշվարկները. այսքան չկողմնորշված մեր սպառողը չի եղել վերջին 10 տարում՝ արձանագրում են Կենտրոնական բանկում: Որ մարդիկ հավատան՝ Գլխավոր դրամատունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է զսպել թանկացումները՝ ԿԲ խորհուրդն առավոտյան միանգամից 0.5 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 6 տոկոսի:
Դրա արդյուքնում սպասվում է, որ գնաճը կդանդաղի, բայց կդանդաղի նաև տնտեսության աճը, քանի որ առևտրային բանկերն ստիպված են լինելու բարձրացնել բիզնեսին ու բնակչությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքը: Այլ տարբերակ չկա՝ պնդում են ֆինանսիստները. սնունդը միջազգային շուկաներում այնքան թռիչքաձև է թանկանում՝ նույնիսկ վերաֆինանսավորումը բարձրացնելուց հետո գնաճից չենք խուսափի:
Թանկացումներին սովորաբար նպաստող դոլարն այս փուլում, բարեբախտաբար, ռիսկ չէ: Փոխարժեքն իջած է: Փոխարենն, ըստ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի, գնաճի անատոմիայում հիմա իր ոչ այնքան նպաստավոր ազդեցությունն է թողնում ներքին պահանջարկի աճը: Վերջապես տուրիստներն սկսել են նորից գալ, փող բերել Հայաստան: Գումարների ներհոսք հիմա երկիրն ունի նաև արտագնա աշխատողներից. բանկային համակարգն այս մարտին, նախորդի համեմատ, տրանսֆերների 145 տոկոս աճ է ֆիքսել:
Կորոնայից ու պատերազմից հետո տնտեսությունն աշխուժանալու նշաններ է ցույց տալիս: Եթե այս տեմպը շարունակվի, հավանաբար մյուս նիստին գուցե փոխեն տարեկան աճի կանխատեսումը:
Հազիվ տնտեսությունն սկսեց շնչել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով արգելակում եք աճի թափը. որոշ տնտեսագետների այս մոտեցումը լրագրողները կոշտ հարցի ձևով հնչեցրին. արդյո՞ք Կենտրանական բանկն իր քայլով հակասության մեջ չի մտնում ներդրումների աճի ուզող-սպասող Կառավարության հետ:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Բնավ՝ ոչ, որովհետև եթե մենք չկարողնանք գնաճի հարց լուծել, դա ավելի մեծ հարված է լինելու:
Գերխնդիրը մակրոտնտեսական կայունությունն է, ներդրողին ու բնակչությանը վստահեցնելը, որ իրենց քայլերի շնորհիվ եթե ոչ այս տարեվերջին, ապա մյուս տարի գնաճը կվերադարձնեն թույլատրելի միջակայք՝ հայտարարեցին բանկում: Վերաֆինանսավորում-տնտեսություն կապի մասին տեղեկանքում գրել են. անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը:
Կառավարությանն, ի դեպ, կենտրոնական բանկից հուշում են. խիստ ուշադիր լինել կորոնայի պատվաստումներին: Տուրիստների այցի ու տնտեսության համար, առհասարակ, Քովիդի իմունիզացիան առաջիկայում կրիտիկական հարց է դառնալու: Ներկա անորոշությունների մեջ ի՞նչ բաժին ունի սպասվող ընտրությունը՝ վերլուծություն չկա: Ընտրություն-չընտրություն մեր վրա չեն ազդում՝ ասացին:
Գնաճի կարգավորման համար վերաֆինանսավորում ճշգրտող հաջորդ նիստը հունիսի 15-ին է, ընտրությունից 5 օր առաջ: