Նախընտրական Հայաստանում օրակարգ է եկել ընտրատեղամասերի հարմարավետության հարցը:
Որքանո՞վ են մատչելի դրանք հաշմանդամություն ունեցող անձանց համար, կա՞ն արդյոք թեքահարթակներ, քվեարկության սենյակը հասանելի՞ է տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց:
«Ագաթ» հասարակական կազմակերպությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը «Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում գնահատել են ընտրատեղամասերի վիճակը:
Այցելած 1987 տեղամասից 524-ը համարվել է մասամբ մատչելի: Այսինքն՝ նշված տեղամասերը պետք է բարեկարգվեն:
Գայանե Գրիգորյան («Ագաթ» ՀԿ ծրագրի բաժնի ղեկավար) - Այն համայնքներում, որտեղ կան ակտիվ հասարակական կազմակերպություններ, և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպաններ, այդ համայնքներն առավել մատչելի են:
Գյումրին վերջին տարիներին բավական մատչելի է դարձել, և երբ որ մեր քաղաքում հիմնանորոգվում են բոլոր ճանապարհները, կամ նոր շենքեր են կառուցվում, թե՛ քաղաքապետարանը, թե՛ մասնավոր կառույցները գիտեն, որ պետք է կապվել թե՛ «Ագաթի» հետ, թե՛ այլ ՀԿ-ների հետ, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: