ԲԱՅԴԵՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ
Վաշինգտոնը փախստականների թիվը 62 հազարի հասցնելու մտադրության մասին է հայտարարել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 ֆինանսական տարում ավելացրել է փախստականների ընդունման սահմանաչափը: Փաստաթղթում ասվում է, որ այս որոշմամբ չեղարկվում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած ցածր քվոտան՝ 15 000-ը, որը չի արտացոլում Ամերիկայի արժեքները՝ որպես փախստականներին աջակցող երկրի:
ՄԵՏՐՈՅԻ ԿԱՄՐՋԻ ՓԼՈՒԶՈՒՄ ՄԵԽԻԿՈՅՈՒՄ. ԶՈՀՎԵԼ Է 15 ՄԱՐԴ
Մեխիկոյում մետրոյի կամրջի փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ: Փլուզման պահին կամրջով գնացք է անցել: Վագոններից մի քանիսն ընկել է կամրջից: Վնասվել է նաև մեկ ավտոմեքենա: Փրկարարական աշխատանք է իրականացվել փլատակի տակ մնացածներին դուրս բերելու համար:
ԿԱՐԻՔ ԿԼԻՆԻ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱՀԿ
Աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի համար COVID-19-ի դեմ պատվաստումն ապահովելու նպատակով 2022 թվականին կպահանջվի շուրջ 45 մլրդ դոլար` հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի ավելի շատ դեպք է գրանցվել, քան համաճարակի առաջին 6 ամիսների ընթացքում՝ չնայած պատվաստանյութերի առկայությանը: Գեբրեյեսուսն ընդգծել է, որ բնակչության իմունիտետի համար պետք է պատվաստել աշխարհի չափահաս բնակչության մեծ մասին, որի համար անհրաժեշտ կլինի ավելացնել պատվաստանյութերի արտադրությունը:
ԵՄ-Ն ԿՄԵՂՄԱՑՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Եվրամիությունը նպատակ ամռանն ընդունել ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկների առջև՝ մեղմացնելով ճանապարհորդության սահմանափակումները: Եվրամիության գործադիր մարմինը, նպատակով ունենալով զարկ տալ զբոսաշրջության տուժած ոլորտին, խորհուրդ է տվել հաջորդ ամիս մեղմացնել COVID-19 ճանապարհորդության սահմանափակումները, որպեսզի ավելի շատ երկրներից օտարերկրյա ճանապարհորդողներ մուտք գործեն ԵՄ: Եվրահանձնաժողովի կողմից նախանշված նոր առաջարկները, որոնք անդամ պետությունները դեռ պետք է հաստատեն, թույլ կտան նաև մուտք գործել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք պատվաստանյութի անհրաժեշտ չափաբաժինները ստացած կլինեն և կլինեն «լավ համաճարակաբանական իրավիճակ» ունեցող երկրներից:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հունաստանում երեկվանից վերաբացվել են ռեստորանները, սրճարանները, բարերը և հանրային սննդի այլ օբյեկտները: Այցելուները դրանց ծառայություններից կարող են օգտվել միայն բաց տարածքներում: Հունաստանն աստիճանաբար մեղմացնում է սահմանափակումները: Իշխանությունները ծրագրում են երկրի դռները մայիսի 15-ին պաշտոնապես բացել զբոսաշրջիկների համար: