ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ԱԺ հայտարարությունների ժամին դիմելով միջազգային հանրությանը՝ ուշադրություն հրավիրեց մեր օրերում տեղի ունեցող հանցագործությունների վրա:
«Այս օրերին Ադրբեջանը խոշտանգել և սպանել է շուրջ 19 հայ գերեվարված քաղաքացու: Նրանցից 12-ը քաղաքացիական անձինք են, մարդիկ, որոնք չեն հեռացել իրենց տներից, զենք ու զինամթերք չեն ունեցել, այլ ուղղակի իրացրել են իրենց ապրելու իրավունքը իրենց իսկ կառուցած տներում: Խոշտանգված ու սպանված քաղաքացիական անձանցից 4-ը կանայք են, որոնց հաճախ ասում ենք թույլ սեռի ներկայացուցիչ:
Ուժե՞ղ են արդյոք նրանց վրա ձեռք բարձրացնողները: Դա՞ է ադրբեջանցի զինվորների առաքելությունը՝ սպանել անպաշտպան կանանց ու իրենց տները չլքած անզեն քաղաքացիներին: Սպանված են 7 զինվորականներ: Ադրբեջանը պետք է պատասխան տա այս հանցագործությունների համար, դրանք ռազմական հանցագործություններ են և պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից»,- նշեց պատգամավորը: