Արցախի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը:
Այսօր ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է ենթակա բուժահաստատություններ և հետևել պատվաստումների ընթացքին:
ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից Արցախին տրամադրվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին, որով կպատվաստվի 7500 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 89 քաղաքացի, որից 74-ը՝ այսօր քաղաք Ստեփանակերտում:
Առաջին փուլում ընդգրկված են 65 տարեկան և բարձր տարիքի, 16-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, իսկ երկրորդ փուլում՝ ուսուցիչները, ոստիկանության և այլ պետական համակարգերի աշխատակիցները:
Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Նախկինում կորոնավիրուսային վարակ տարած անձինք ևս կարող են պատվաստվել:
Պատվաստումներն իրականացվում են երկու դեղաչափով՝ 21 օր ընդմիջումով:
Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալներ: