Երեխան որպեսզի բժշկի մոտ վախ ու սթրես չապրի, թիմը գտել է լուծումը: Արդեն հայտնի 3Դ ակնոցների համար ստեղծել են կոնտենտ: Երեխայի՝ օրինակ հիվանդանոցում ներարկիչ կամ այլ սարքավորումներ չտեսնելու համար, ընկերությունը հարցը լուծել է վիրտուալ տիրույթի կիրառմամբ:
Աշոտ Դանիելյան («10X էնջիներինգ» ընկերության տեխնիկական ղեկավար) - Ամբողջ պրոցեդուրայի ընթացքում նա չի տեսնում բժշկին, չի զգում ցավը, այս միջոցն օգնում է առանց սթրեսի հաղթահարել պրոցեդուրան:
Այսինքն՝ օգտագործելով վիրտուալ տիրույթի հնարավորությունները, ազդելով մարդու լսողական և տեսողական զգայարանների վրա՝ երեխան հիվանդանոցում կանցնի բուժզննում՝ չիմանալով, որ հիվանդանոցում է: Ամբողջ ընթացքում երեխաները ակնոցի միջոցով կշփվեն մուլտհերոսների հետ կամ կդիտեն իրենց նախընտրած մուլտֆիլմը: Մտահղացումը ծնվել է, երբ երեխաներից մեկը հիվանդանոցում բժշկական սարքը տեսնելով՝ վախեցել է:
Դավիթ Զարգարյան («10X էնջիներինգ» ընկերության հիմնադիր տնօրեն) - Մենք օգտագործում ենք անհատականացում:
Ակնոցներին կավելացնեն նաև բժշկական սենսորներ, որոնք չափում են երեխայի սրտի աշխատանքը, շնչառությունը, ջերմաստիճանը: Տվյալներն ուղարկվում են կոնտենտի մեջ, ըստ այդմ սարքը կորոշի, օրինակ, ինչպիսի մուլտհերոսներ ցույց տալ տվյալ պահին; Ամբողջ ծրագիրը գիտական հիմքի վրա է: Աշխատում են գիտական կենտրոնների հետ, թիմում ներգրավվել են նաև հոգեբաններ; Փորձարկել, եզրակացրել են՝ երեխայի մոտ տագնապն ու սթրեսը հասնում է նվազագույնի՝ երեխան չի զգում անգամ ներարկիչի ծակոցը:
Դավիթ Զարգարյան - Մեր պրոդուկտի, մեր թիմի մոտիվացիան այն է, որ աշխատենք գիտական համայնքի հետ, այսինքն՝ ստեղծենք գիտություն-բիզնես կապը:
Ծրագիրը իրականություն է դարձել համավարակի հետևանքները չեզոքացնելու կառավարության 17-րդ միջոցառման շնորհիվ:
Անի Թորոյան (ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարության խթանման բաժնի համակարգող) - Հայտերի գնահատման ժամանակ հիմնական չափորոշիչներից է եղել խոստումնալից տեխնոընկերությունների գործունեության շարունակակության ապահովումը, աճի հնարավորությունների տրամադրումը և, իհարկե, աշխատատեղերի պահպանումը:
Դրամաշնորհ է տրամադրվել 23 նոր և 38 կայացած ընկերությունների: Նրանք լուծումներ են առաջարկել տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման համար:
Անի Թորոյան - Այդ լուծումներով նպաստել են այդ ոլորտներում արդյունավետության, արտադրողականության աճին, այսինքն՝ դրա միջոցով՝ տնտեսական առաջընթացին:
Հաջողված արդյունքներից հետո նախարարությունը այս տարվա համար մշակել է նոր՝ գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհային ծրագիրը, առաջիկայում կմեկնարկի հայտերի ընդունումը: