ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի ապամոնտաժմանը՝ նշելով, որ Ալիևը, ցավոք, գրավում է յուրացրածը՝ հարց բարձրացնելով՝ իսկ մենք ի՞նչ էին անում մեր գրավածի հետ:
«25 տարի մենք տարածքները ամբողջությամբ թողել էինք, սպասում էինք այսօրվան: Ընդհուպ 1998-ին գալով իշխանության՝ մարդը դադարեցնում էր Լաչինի բնակեցման պետական ծրագիրը: Իսկ 2004-ին գլուխ էինք գովում, թե ԵԱՀԿ մոնիթորինգը ազատագրված տարածքներում վերաբնակեցման փաստ չի արձանագրել: Իհարկե, այդ տարածքները դառնում էին մասնավոր անձանց հարստացման աղբյուր:
Տարիներ ի վեր սեփական ժողովրդի մոտ հերոսական կերպար կերտած «վոինը» գնում էր միջնորդների մոտ, տարածքները հանձնելու մասին խելոք հանձնառություններ էր վերցնում, գալիս սեփական ժողովրդի մոտ հերոսական կերպար էր ընդունում, հողերը ոչ մի դեպքում չհանձնելու հայտարարություններ անում: Մինչև իսկ Հայաստանի սուվերեն տարածքը Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիր է քննարկել և չի մերժել միջնորդների ներկայացրած գեթ մեկ առաջարկ՝ հույս ունենալով, որ բոլոր առաջարկները մերժվելու են Ադրբեջանի կողմից, հույս ունենալով, որ «շյուստրի» կգտնվի, կունենա Ռուսաստանի աջակցությունը, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մշտապես դիմակայության մեջ կլինեն, մենք էլ կկարողանանք ամեն անգամ շրջանցել հերթական ռիսկը»,- նշեց պատգամավորը:
Բաբաջանյանը տեղի ունեցողը օրինաչափ որակեց ու նշեց, որ մենք դեռ 1994-ից պետք է զբաղվեինք այդ տարածքների նկատմամբ կոնկրետ պետական ծրագրի մշակմամբ, զուգահեռաբար մեր բանակը արդիականացնեինք ու ամեն օր սպասեինք պատերազմի, բայց չենք արել: