Կառավարությունը նախատեսում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափածների նկատմամբ: Ազգային ժողովում նախագծի մանրամասները ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:
Առաջարկվում է համաներում կիրառել մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: Փոխնախարարի խոսքով, սակայն, քննարկումների արդյունքում որոշվել է մինչև երկրորդ ընթերցում ընդլայնել հնարավոր շահառուների շրջանակը:
Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ: Համաներումը նախատեսվում էր չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնք անցնում են քրեական օրենսգրքի այլ հոդվածով: Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է մինչև երկրորդ ընթերցում հանել այս սահմանափակումը: Թե ինչ ընթացակարգ է նախատեսված այն դեպքում, երբ քաղաքացիները վերադառնան հայրենիք, կառավարության ներկայացուցիչը պարզաբանեց՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար տվյալ անձնինք պետք է ներկայանան իրավասու մարմին: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկեց փոխել ընթացակարգը, որպեսզի համաներման շահառուները իրավունքի ուժով ազատվեն պատասխանատվությունից:
Օրվա երկրորդ կեսին արդեն խորհրդարանի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկած հարցերի թվում էր Քրեական նոր օրենսգիրքը, որը, ըստ հեղինակների, կնպաստի դատարանների և քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, հանցագործություններին առավել արագ և օպերատիվ արձագանքելուն, ինչպես նաև գործերը արագ և արդյունավետ քննելուն: Փոխոխություն է նախատեսվում նաև Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է ավելացված արժեքի հարկի վերադարձվող գումարը եռամսյայի փոխարեն դարձնել ամեն ամիս:
Քննարկված հարցերը կքվեարկվեն վաղը: