Խորհրդարանը քննարկում է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծը: Այն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալ հայրենիք, սեփական ավանդը ներդնել երկրի զարգացման համար:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի խոսքով՝ առաջարկվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում նախատեսվում է նախագծում փոփոխություններ կատարել և ընդլայնել շահառուների շրջանակը. օրենքը կտարածվի անձանց վրա, որոնց 27 տարեկանը կլրանա մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասն էլ ավելացվել է:
«Համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից և վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ»,- նշեց Հովհաննիսյանը:
Համաներումը չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են այլ հոդվածով: