Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ավելի քան 90 տոկոսը ոչնչացվեց, շատերի հետքը ջնջվեց՝ փոխանցում է հրեական The Jerusalem Post-ը:
1914-ին՝ առաջին աշխարհամարտի մեկնարկին, Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ: Սակայն 1922-ին մնացել էին 400 հազարից քիչ հայեր: 1.5 միլիոնը սպանվել էր: Շատ պատմաբանները զանգվածային այս սպանություններն անվանում են ցեղասպանություն, ինչին համամիտ է ավելի քան 30 պետություն: Սակայն որոշ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան ու Իսրայելը, համաձայն չեն:
Տարիներ առաջ Մեծ Բրիտանիայի կառավարությանը խորհրդարանում հարցրին՝ արդյոք ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը: Երկրի արտգործնախարարը պատասխանեց, որ «ընդունում է պատմության սարսափելի դրվագն ու 1915-1916 թվականների սպանությունները ճանաչում որպես ողբերգություն»: Սա է բրիտանական կառավարության դիրքորոշումը: Սա էր նաև ԱՄՆ-ի դիրքորոշումը մինչև վերջին օրերը, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց ցեղասպանություն: Անմիջապես հետևեց Թուրքիայի արձագանքը, որն ամեն կերպ փորձում էր հերքել ու ժխտել ցեղասպանության փաստը: Անկարան նույնիսկ փորձեր արեց Ջո Բայդենին հետ կանգնեցնել Ցեղասպանությունը ճանաչելու որոշումից:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հրեական պետությունը Բայդենի հայտարարությանն արձագանքեց արտգործնախարարի մակարդակով: Հրեա գլխավոր դիվանագետը 1915-ի իրադարձությունները բնութագրել է որպես «հայ ժողովրդի սարսափելի տառապանք ու ողբերգություն»՝ չօգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը:
Սակայն Իսրայելի ձախ կենտրոնամետ «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լափիդը համաձայն չէ այս դիրքորոշմանը:
«Ես կշարունակեմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա մեր բարոյական պատասխանատվությունն է՝ որպես հրեական պետություն»,- հայտարարել է «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդը:
Իսրայելում, բացառությամբ «Յեշ Աթիդ» կուսակցության հայտարարության և մեդիայում այս թեմայի շուրջ որոշ քննարկումների, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ կառավարության դեմ ճնշումներն այնքան էլ շատ չեն: Սակայն պարբերականն ընդգծում է, որ ցեղասպանությունը ցեղասպանություն է, և Իսրայելը պետք է իրերն իրենց անուններով անվանի: