Դատարան է ուղարկվել առաջին քրեական գործը պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի կողմից հայտարարագրման ենթակա՝ խոշոր չափի գույք թաքցնելու վերաբերյալ:
Կորյուն Սերոբյան, Գլխավոր դատախազության ավագ դատախազ - ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, որը հանդիսացել է 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, իր կողմից ներկայացրած հայտարարագրերում պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրում և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրում, Հանրային ծառայության մասին օրենքի ուժով պարտականություն ունենալով հայտարարագրել դրամական միջոցներ և գույքերի վերաբերյալ տեղեկությունները՝ չի ներկայացրել առանձնապես խոշոր չափի գույքի վերաբերյալ տեղեկություններ:
Խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի մասին է: Գործի հիմքում նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից Արաբական Միացյալ էմիրություններում բնակարաններ ունենալու վերաբերյալ «Հետք» պարբերականի հոդվածն է: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ, նախաքննության համար ուղարկվել ՀՔԾ:
Կորյուն Սերոբյան - Մասնավորապես, տեղեկություններ չեն ներկայացվել 6 անշարժ գույքի վերաբերյալ, որոնց թվում են եղել բնակարան, կիսակառույց բնակարան և տարբեր նպատակային նշանակության հողատարածքներ, ինչպես նաև դրամական հաշիվների վերաբերյալ տեղեկատվություններ, բանկային հաշիվներում դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվություններ:
«Լուրերի» հետ զրույցում նախկին պատգամավորը նշեց՝ տեղյակ չի եղել, որ հայրական տունն էլ, որում մասնաբաժին ունի, պետք է հայտարարգրվեր:
Հրանտ Դավթյան, նախկին ԱԺ պատգամավոր - Ծնվել եմ այդ տանը 70-ականներին: Ասում է՝ դուք այնտեղ փայաբաժին ունեք: Մայրս այնտեղ է ապրում, ընտանիքս այնտեղ է ապրում: Չեմ գրել, դա ընդամենը բացթողում է, որ չեմ իմացել:
2012թ.-ին «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Դավթյանը հավաստիացնում է՝ իր ունեցվածքը դիտավորյալ թաքցնելու մտադրություն չի ունեցել, եղածը բացթողում է որակում: Մինչդեռ դատախազությունից հայտնում են.
«Նախկին պատգամավորը չի հայտարարագրել ընդհանուր շուրջ 45 միլիոն դրամի կադաստրային արժեք ունեցող գույքի վերաբերյալ տվյալներ, բանկային հաշիվներում առկա 1 միլիոն 800 հազար դրամի մասին տեղեկություն: Նույն պաշտոնատար անձի որդու չհայտարարագրած գույքի կադաստրային արժեքը շուրջ 5 մլն դրամ է, գումարած մոտ 4 միլիոն դրամ՝ տրանսպորտային միջոցի օտարումից»:
Կորյուն Սերոբյան - Այս արարքը՝ կոնկրետ քրեական օրենսգրքի 314 ցուցիչ 3 հոդվածի երկրորդ մասը, պատասխանատվություն է նախատեսում ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև 3 տարի ժամկետով:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին առաջադրվել է մեղադրանք՝ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: