Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը, որը տասնամյակներ շարունակ բարձր պետական մակարդակով ատելություն է տարածել մի ազգի նկատմամբ, որևէ կերպ չի կարող վերականգնել այդ ազգի մշակութային ժառանգությունը: Այդ մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:
Ըստ պատգամավորի՝ շատ պարզ է նպատակը՝ ջնջել հայկական ներկայությունը և հետքը այս տարածաշրջանում: «Արցախում հայկական մշակույթն այլոց վերագրելու այս քաղաքականությունը քննադատության է արժանացել պատմաբանների և մշակութաբանների կողմից, և դա է պատճառը, որ Ադրբեջանը մինչ օրս թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետներին այցելելու տարածաշրջան՝ հայկական մշակութային արժեքների դեմ ամենօրյա վանդալիզմը կանխարգելելու նպատակով»,- ասաց Կոստանյանը:
Նրա խոսքով՝ ավաղ, այս հարցը մնում է միայն քննադատության և կոչերի շրջանակում, միջազգային մակարդակում գործնականում որևէ քայլ չի արվում կամ տեսանելի չէ, այլապես, ըստ նրա, ինչպե՞ս է Ադրբեջանը կարողանում շարունակել այս կործանարար գործունեությունը:
«Արցախի՝ Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում մշակութային արժեքների հանդեպ որևէ գործողություն արգելված է, քանի դեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձանագրել առկա իրավիճակը»,- ընդգծեց Աննա Կոստանյանը: