ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի՝ այսօր մեկնարկած նստաշրջանում անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը:
«Սա արվում է մի շարք հստակ պատճառներով՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշույլ Ադրբեջանում, ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտ կառույցը, որ Շուշիում մշտապես լինելու էր՝ բարձր և տեսանելի բոլոր հատվածներից, ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ կերպ հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,- ասաց Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ Քրեական նոր օրենսգրքի նախագծի մեջ միջազգային հանցագործությունների շարքում ավելացվել է նոր հանցագործություն, որ վերաբերում է ազգային, ռասայական, կրոնական կամ այլ պատճառով որևիցե խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը: «Ես նախատեսում եմ և՛ բարեկամության խմբերի ղեկավարներին, և՛ համաշխարհային հոգևոր առաջնորդներին իրազեկել այս մասին, և կոչ եմ անում, որ յուրաքանչյուրը կատարի այդ պարտավորությունը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ սա նույն ձեռագիրն է, որ կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի: