ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարությունների ժամին տեղեկացրեց, որ ԵԽ պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը ԵԽ 2 պատգամավորների հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հարկադրելու Ադրբեջանին՝ ազատ արձակելու այնտեղ պահվող ռազմագերիներին:
«Պատգամավորները մասնավորապես նշել են, որ խոսքը այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև այն 112 անձանց մասին, որևոնց վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում տեղեկություն, և այն 61 անձանց, որոնց գերեվարման մասին փաստը թեև Ադրբեջանը հերքում է, բայց կան հակառակն ապացուցող փաստեր: Պատգամավորները նաև ընդգծել են, որ թեև Ադրբեջանը մեր ռազմագերիների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, սակայն սա ապացուցող որևէ փաստ դեռ չի ներկայացրել:
Անկախ որևէ արդարացումից՝ Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերիների կարգավիճակի խախտում է: Պատգամավորները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բաքուն շարունակում է անտեսել ՄԻԵԴ պահանջը՝ դատարանին տրամադրելու տեղեկություն իր մոտ պահվող ռազմագերիների մասին»,- նշեց Եղոյանը: