Վազքի սիրահարների համար կորնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված դադարն ունեցավ թե՛ դրական կողմեր, թե՛ բացասական։ Տևական ժամանակ տնից դուրս գալու հիմնավոր պատճառ էր սպորտով զբաղվելը։ Երևանում նկատելի էր դարձել, որ ավելացել են հիծանիվներով զբոսանքի դուրս եկող մարդկանց քանակը, ինչպես նաև նրանց, ովքեր սկսել էին բաց տարածքներում մարզվել, դե իհարկե նաև վազել։ Արդյունքը երևաց արդեն այս հանգստյան օրերին։
Մայիսի 2-ին Հրազդանի կիրճը՝ Երևանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը, հյուրընկալել էր վազքի հարյուրավոր սիրահարների։ Նախորդ տարիների համեմատությամբ նկատվում էր մասնակիցների կտրուկ աճ։ Արդեն ավանդական Երևանի գարնանային վազքը նախորդ տարի չեղյալ էր հայտարարվել ու այս ընթացքում խոշոր մրցաշարերի կարոտ մնացած վազքի սիրահարների համար մրցաշարը դարձավ իսկական փրկություն։
«Գարնանային վազքը» կազմակերպվում է արդեն վեցերորդ անգամ և միշտ եղել է բարեգործական՝ վազորդների գրանցման վճարն ուղղվել է բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Հաշվի առնելով նախորդ տարի տեղի ունեցած պատերազմն ու հետևանքները՝ կազմակերպիչները՝ «ԱրմՄարաթոն» հիմնադրամն ու ԹրայՔլաբ մարզական ակումբը, սկսել են համագործակցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետ ու վճարված գումարներով օժանդակել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ունեցող զինվորներին ու նրանց ընտանիքներին։
Ինքնին «Գարնանային վազքն» ունեցավ մի քանի մեկնարկ։ Մեկ կիլոմետր մրցատարածությունում մասնակցելու հնարավորություն ունեցան երեխաները, ավելի փորձառուներն իրենց ուժերը չափեցին 5 կմ ու 10 կմ մրցատարածություններում։ Եղավ նաև թիմային վազքը՝ 4 անգամ 2,5 կիլոմետր տարբերակով։