Հոկտեմբերի 27, մարտի 1, Ապրիլյան երկրորդ պատերազմ. այդ իրադարձությունները շոշափել են մեր պետության և պետականության գոյության հարցը: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Երեք իրադարձություններում էլ թիրախը եղել է հայ ժողովուրդը, Հայաստանի պետականությունը: Մի ամբողջ պատերազմ էր պետք՝ բացահայտելու, որ մենք կեղծ պետություն ենք կառուցել՝ իր բոլոր ինստիտուտներով, այդ թվում՝ կեղծ է եղել բանակը: Փրկիչները՝ պարզվեց, ոչ միայն ընտրություն են կեղծել, այլև կեղծել են ամեն ինչ, և դրա մեկնարկը տրվել է 97 թվականին, երբ վոյինը, նշանակվելով վարչապետի պաշտոնում, ըստ էության, շեղեց Հայաստանը բնական ընթացքից և ամբողջությամբ բանակն էլ ծառայեցրեց երկրի ներսում մաֆիայի, օլիգարխիայի, քրեական իշխանության վերահսկողությունը երկարաձգելու նպատակին, և բանակն էլ՝ առանձին զինվորականներ, ցանկացան մաս կազմել այդ հանցավոր շրջանակին:
Քաղաքական առկա միջավայրը թույլ չի տալիս, որպեսզի մենք անաչառ ուսումնասիրենք պատերազմի հանգամանքները, պարտության պատճառները: Պատերազմի իրական մեղավորները պատերազմի ավարտից հետո գործող իշխանությանը մեղադրել են ոչ թե պատերազմում չհաղթելու, այլ չհանձնվելու մեջ, իշխանությունը, պարզվեց, դավաճան է, քանի որ ըստ էգ կովերի փորձագետ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձնավորության՝ Հայաստանը ատոմակայանի թափոնները չի թափել ադրբեջանցիների գլխին:
Պատերազմը սկսվելուց հետո պարզ դարձավ, որ ոչ միայն 25 տարի իշխանությունն է զավթված եղել, այլև լափել են մեր երկրի անվտանգությունն ու հաղթանակը: Միակ իրական հաղթանակը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տարել են, եղել է մարտի 1-ին, երբ բանակը ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ:
Ջրբաժան ամսաթիվը սեպտեմբերի 27-ն է՞, թե՞ նոյեմբերի 9-10-ը, ինչի՞ց ենք մենք ցասման մեջ՝ պատերազմի՞ց, թե՞ հայտարարությունից: Պարտության հայտարարությունը մեզ բոլորիս ցնցեց, քանի որ մենք սովոր էինք ապրել հաղթողի կարգավիճակում: Հայտարարությունը ստորագրելու մեջ մեղադրողներն անմեղսունակ են, որովհետև չստորագրելով՝ մենք հասկանում ենք, թե ինչ անդառնալի կորուստներ կարող էինք ունենալ, և ինչպիսի հետևանքներ կարող էր առաջացնել: Ամենամեծ դավաճանությունը սեպտեմբերի 27-ը հնարավոր դարձնել էր»,- ասաց Բաբաջանյանը: