Վարչապետի հրաժարականից 8 օր հետո, մայր օրենքի համաձայն, խորհրդարանն այսօր հատուկ նիստ գումարեց։ Կառավարության ղեկավարի պաշտոնի համար միայն մեկ թեկնածու էր առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանը։ Ամբիոնին մոտեցած «Իմ քայլի» ղեկավարը հիշեցրեց՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է հունիսի 20-ին ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություն։
Լիլիթ Մակունց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար - Միայն մեկ տարբերակ կա՝ ԱԺ լուծարումը, այդ նպատակով «Իմ քայլը» առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը:
Սա վարչապետի չընտրության ու ավելի շատ տեխնիկական գործընթաց է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օրենսդիրն այսօր առաջին փուլով ի կատար է ածում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինչ կլինի, եթե որոշ ուժեր փորձեն երկրորդ փուլի համար այլ սցենար զարգացնել, Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշեց։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Մենք ունենք պատրաստի սցենար: Հույս ունեմ, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն արվի։
Կարճ ելույթում Փաշինյանը խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարից, կոչ արեց չտրվել շահարկումներին, սուտ լուրերին, պատվաստվել, լինել պաշտպանված։ Նկատեց՝ աշխարհն արդեն քնարկում է 2021-ի երկրորդ կեսից չպատվաստված անձանց ճանապարհորդելու ազատությունը սահմանափակելու հարցը։
Պատվաստված լինելը կարևոր է ոչ միայն երկրից դուրս մեկնելու, այլև երկրի ներսում տուրիզմը զարգացնելու համար։ Զբոսաշրջիկների հոսք արդեն կա, ու եթե վարակման դեպքերը նվազեն, հնարավոր է վերադարձնել 2019-ի արդյունքը՝ նշեց Փաշինյանը։ Կարճ ելույթից հետո արդեն քաղաքական հարցերի հերթն էր։
Գրանցվեցին բացառապես խմբակցությունները լքած պատգամավորները։ Տիգրան Ուլիխանյանը մեջբերեց երրորդ նախագահի վերջին հարցազրույցից հատվածներ, ընդգծեց՝ Սարգսյանի խոսքով՝ մադրիդյան սկզբունքերի հիման վրա տարվում էր այն գիծը, որ ապահովելու էր 5+2 շրջանների վերադարձը՝ դրա դիմաց ստանալով Արցախի կարգավիճակի հստակեցում՝ միջազգայնորեն ամրագրված անվտանգության երաշխիքներով։ Այս կոնտեքստում 10 տարի Հայաստանը ղեկավարած նախագահը Փաշինյանի իշխանությանը հերթական անգամ մեղադրել է բանակցային գործընթացը փոխվելու, այն անհասկանալի դարձնելու մեջ։
Փաշինյանն արձագանքեց՝ այդ հարցազրույցը լավ առիթ է բացահայտելու բանակցային բովանդակության նոր շերտեր։ Ըստ նրա, երբ տարիներ հետո կգաղտազերծվեն որոշ փաստաթղթեր, մարդիկ կտեղեկանան, որ Սարգսյանը ժամանակին նամակ է գրել միջազգային միջնորդներին ու իր մտահոգությունն է արտահայտել ենթադրվող հանրաքվեի թեմայով, մասնավորապես, Սարգսյանին մտահոգում էր, թե քանի ադրբեջանցի է համարվելու Լեռնային ղարաբաղի բնակիչ ու մասնակցելու այդ հանրքավեին։
Փաշինյանը գաղտազերծեց ևս մեկ կետ ու հակադարձեց Սարգսյանի այն պնդումներին, թե բանակցողի փոխվելն է հանգեցրել բանակցությունների տրամաբանության փոփոխությանը։ Արձանագրությունները կան, դրանք, ըստ նրա, ապացուցում են, որ բանակցային գործընթացի ամբողջ բովանդակությունը փոխվել է դեռ 2015-ի աշնանն ու 2016-ի ձմռանը։
5+2-ն էլ, ըստ Փաշինյանի, չի եղել, նա հիշեցրեց՝ դեռ 2016-ի Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նախկին նախագահը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ էր վերադարձնել 7 շրջան, բայց Ադրբեջանը չէր համաձայնել։ Պաշտոնական Բաքուն, առհասարակ, միշտ հրաժարվել է այն առաջարկներից, որոնց կողմ է արտահայտվել Հայաստանը։
44-օրյա պատերազմից հետո Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանների անվտանգության հարցն էլ Թագուհի Թովմասյանը բարձրացրեց։ Ծնունդով վարդենիսցի պատգամավորը խոսքով՝ առաջանագիծն այդ հատվածում կահավորված չէ, խրամատներ չկան, թեև արդեն 8 ամիս է անցել։ Փաշինյանը հարցին տարակուսանքով արձագանքեց։ Պատգամավորի մտահոգություններին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ աշխատանք արվում է, այն գաղտնի է և դա տեսանելի չէ ոչ մեկի համար։
Նախկին ԲՀԿ-ական, իսկ այժմ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ սահմանադրությունից հետաքրքվեց։ Ինչո՞ւ արտահերթի գնալու միակ ճանապարհը պետք է լինի վարչապետի հրաժարականը, հնարավոր չէ՞ փոխել մայր օրենքը, որ խորհրդարանն ինքնալուծարվի։ Այն, որ փոխելու կարիք կա, Փաշինյանը համաձայն է, բայց նկատում է՝ երկրի գլխավոր իրավական փաստաթուղթը նորից անձերի համար չպետք է գրվի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստն էլ Փաշինյանը պայմանավորեց 4 գործոնով. մեկ երկարաժամկետ՝ նահագահների հայ համայնքի ու սփյուռքի հետևողական աշխատանքը, մեկ միջնաժամկետը՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն ու ԱՄՆ-ի հետ այդ երկրի ունեցած դիսոնանսը և ևս երկու կարճաժամակետ գործոն։
Այսօրվա հատուկ նիստին ԲՀԿ-ն ներկա չէր։ «Լուսավոր Հայաստանից՞ միայն Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, շեշտեց՝ ճգնաժամը հաղթահարելու պայմանավորվածությունից հետո ներքաղաքական կյանքը խաղաղվել է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ մայր օրենքի երկրորդ հոդվածը հիշեցնելով, խմբակցության ղեկավարը, պնդեց՝ ընդդիմությունն իր ձեռքից եկածն անելու է, բայց կաշառք չբաժանելու, ընտրակեղծիքներ թույլ չտալու պատասխանտուն իշխանությունն է։ Մեկ առաջարկ էլ բոլոր քաղաքական ուժերին արեց, հայտարարություն են մշակել, որ քարոզարշավի ընթացքում բացառեն ատելության խոսքը։
«Իմ քայլի» անունից էլ ԱԺ փոխնախագահը հայտարարեց՝ պատրաստ են քննարկել «Լուսավորի» մշակած տեքստն ու ասաց, ինչպես պյամանավորվել են, ձեռնպահ են քվեարկելու։
Արդեն եզրափակիչ ելույթում վարչապետի պաշտոնակատարը, խոսելով Հայաստանի արտաքին անվտանգային համակարգից, վստահերեց՝ պատերազմից առաջ էլ, դրանից հետո էլ այն փոփոխություն չի կրել։
Ռուսական 102 ռազմաբազայի երկու նոր հենակետի հիմնադրումը Սյունիքում, ըստ Փաշինյանի, լրացուցիչ երաշխիք է ինչպես Սյունիքի, այնպես էլ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Ինչ վերաբերում է սահմաններին, վարչապետի թեկնածուն 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը հիշեցրեց:
Պետք է պատրաստվենք տարածաշրջանային անվտանգության ու կայունության։ Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց Ռուսաստանից, Ֆրանսիայից ու Նահագաներից հնչող հայտարարությունները, որոնք անվտանգության ապահովմանն են ուղղված։ Ինչ վերաբերում է երկրի ներքին կյանքին, շեշտեց՝ 2018-ից երկրում իշխանությունը ժողովրդինն է և դա չի փոխվելու։
Ելույթից հետո 1 կողմ, 3 դեմ և 75 ձեռնպահ ձայներով Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց։ Որպեսզի խորհրդարանը լուծարվի, պատգամավորները մեկ շաբաթ հետո մեկ անգամ էլ վարչապետ պետք է չընտրեն։