Իրենց ամեն առավոտը նորություններ պատրաստելուն նվիրողների օրն է: «Ազատ մամուլ՝ ազատ հասարակություն» կարգախոսով առաջինը շնորհավորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Շնորհավորեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ աշխարհին կոչ անելով պաշտպանել ամեն օր ինֆորմացիա փոխանցող լրագրողների իրավունքները: Մայիսի 3-ը որպես Մամուլի ազատության միջազգային օր նշելու որոշումը 1993-ի դեկտեմբերի 20-ին էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ բանաձևով: Ազա՞տ է մամուլը. ամեն տարի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի թվերն են ամփոփում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 180 երկրի այս տարվա մամուլի քարտեզում Հայաստանը 63-րդն է, այնինչ 2020-ին և 2019-ին՝ 61-րդ տեղերում էր: Երկրների 12%-ը մամուլի «շատ վատ» խմբում է: Նրանց մեջ է Ադրբեջանը, որը զբաղեցնում է 167-րդ տեղը: Թուրքիան 153-րդ, հարևան Վրաստանը՝ 60-րդ տեղում է: Այս թվերի հանգամանքներն է բացատրում Երևանի մամուլի ակումբի նախագահը:
Բորիս Նավասարդյան (Երևանի մամուլի ակումբի նախագահ) - Համավարակի և 44-օրյա պատերազմի հետ կապված ռազմական իրավիճակում այնպիսի կարգավորումներ վերցրին, որոնք, իմ գնահատմամբ, չաշխատեցին և չնպաստեցին, որպեսզի տեղեկությունը՝ որպես հանրային բարիք, լիարժեք իր նշանակությունն ու դերակատարությունն ունենա:
Մեկ այլ խնդիր էլ մեդիագրագիտության պակասն է, հենց դրան ուղղված Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը վստահեցնում է՝ վերջին 10 տարում իրենց ծրագրերն ու աշխատանքը դարձրել են հետևյալ սկզբունքով:
Նունե Սարգսյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն) - Ինֆորմացիան ի վերջո պետք է ծառայի նրան, որպեսզի, իմ կարծիքով, հանրությունը լինի ավելի լավը, հասարակության մեջ լինեն այնպիսի հարաբերություններ, որոնք կօգնեն այդ երկրին և հասարակությանը զարգացում ապրել: Այդ իմաստով, կարծում եմ, ոչ միայն նահանջ ենք ապրում, այլև չենք պատկերացնում, թե ինչպես պետք է գնանք առաջ և զարգանանք:
Ըստ մեդիափորձագետների՝ հասարակությունն էլ պետք է գիտակցի՝ ինչքան կարևոր է ունենալ որակյալ, պատասխանատու լրատվություն, ու այդ պահանջը իրականություն դարձնելու առաջին պայմանն օրենսդրական դաշտն է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն էլ ասում է՝ այսօր ապատեղեկատվությունն է մյուս խնդիրը:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Տեսնում ենք՝ ինչպիսի լայն տարածում են ստացել ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները, վիրավորանքն ու զրպարտանքը, և, իհարկե, դա տեսնում ենք նաև մեր տեղեկատվական դաշտում: Կարծում եմ՝ դա ԶԼՄ-ների գործունեության մեջ ամենամեծ խնդիրն է: Կարծում եմ հենց պանդեմիայով լրատվամիջոցները շատ մեծ նահանջ ապրեցին: Լրատվամիջոցներն էլ ավելի են ընկնում տարբեր քաղաքական ուժերի ֆինանսավորումից կախման մեջ: Սա, իհարկե, նկատվում է ինչպես աշխարհով մեկ, այնպես էլ Հայատանում:
Նաև մտահոգիչ են համարում՝ 2019-ի լրատվամիջոցների դեմ դատական գործերի ամենամեծ ալիքը, դրանց թիվը հասել էր 100-ի, մեծ մասը՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով: Եվ, իհարկե, Մամուլի ազատության օրը լրագրողներս ակնկալում ենք ոչ թե շնորհավորանքներ, այլ ըմբռնումով մոտեցում՝ հատկապես ուղիղ եթերի լարված աշխատանքի ընթացքում: