1993 թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Այդ իրադարձությամբ կարևորվեց խոսքի ազատության, մամուլի, անկախության սկզբունքների պահպանումը: Այս օրը նաև հարգանքի տուրք է իրենց պարտականությունների կատարման ժամանակ զոհված լրագրողների հիշատակին:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարությունը, որում նշված է, որ «Լրագրողների հետապնդումները և վատ վերաբերմունքը շարունակում են աճել, և այդ հարձակումները սպառնում են աշխարհի ժողովրդավարական երկրներին»:
«Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, մենք նշում ենք ամբողջ աշխարհում լրագրողների մեծ քաջությունը: Մենք ընդունում ենք ազատ մամուլի առանցքային դերը բարեկեցիկ, կայուն և ազատ հասարակությունների կերտման գործում: Եվ մենք պարտավոր ենք պաշտպանել ու խթանել ազատ, անկախ և տարբեր լրատվամիջոցներն ամբողջ աշխարհում»,- ասել է Բայդենը:
Միջազգային հանրությանը լրատվամիջոցների աշխատակիցներին պաշտպանելու կոչ է արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Լրագրողները մեզ օգնում են տեղեկացված լինել, նրանք պետք է ազատ լինեն ամբողջ աշխարհում, նրանց պետք է պաշտպանել և պայքարել ժողովրդավարությանը սպառնացող ապատեղեկատվության դեմ»,- ասել է Մակրոնը և շեշտել Ֆրանսիայի նվիրվածությունը «խաղաղության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարին»:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ իր հայտարարության մեջ վստահեցրել է, որ իր երկիրը կշարունակի պաշտպանել ու խթանել մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում, քանի որ լրագրողները ժողովրդավարության պաշտպանության առաջին գիծն են: