Գյուղատնտեսական խորհրդատվական մարզային կենտրոնների կրճատվող աշխատակիցները կրկին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարից պարզաբանում էին պահանջում։ Այս անգամ նրանք նախարարության դիմաց էին հավաքվել։
Անդրանիկ Խառատյան (Տավուշի գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարության, մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ) - Ինչի՞ հիման վրա վարչությունը գյուղատնտեսության միակ ճյուղը, որը աշխատում ա մարզում, այսօր նախարարի կամայականության շնորհիվ ցանկանում ա, որպեսզի այս վարչությունը կրճատման գնա։
Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական խորհրդատվական, նորարարության և մոնիթորինգի վարչության մարզային բաժիններից կրճատվել է 53 գյուղատնտես։ Նրանց հետ Քերոբյանը հանդիպել էր դեռևս անցած շաբաթ՝ կառավարության նիստից հետո: Նույն օրը նա նշել է, որ աշխատանքի եղած ծավալը հնարավոր է անել նույնիսկ մի քանի հոգով։ Գյուղատնտեսական խորհրդատվության համար մարզերում կաշխատի 30 մասնագետ։
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Իրենց գործառույթներից մի մասը, օրինակ՝ մոնիթորինգն ա, պատրաստվում ենք պատվիրակել բանկերին կամ այն ընկերություններին, ում միջոցով մենք ֆինանսական միջոցներ ենք մղում գյուղատնտեսություն, դրա հաշվին օպտիմալացնում ենք։
Յուրաքանչյուր մարզային բաժնում կմնա երեք աշխատող՝ ասում են որոշման դեմ դժգոհողներն ու հավելում՝ դա բավարար չի լինելու համայնքից համայնք արդյունավետ աշխատելու համար։
Արբիկ Բակունց (Սյունիքի գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարության, մոնիթորինգի բաժնի պետ) - Երեք հոգով հնարավոր չէ ապահովել այն աշխատանքի ծավալը, որ արել ենք այս վերջին երեք տարիներին։ Այս պահին մեր ձեռքի տակ աշնանացան ցորենի ծրագրի սուբսիդավորման ծրագիր պետք է իրականացվի, և Սյունիքի մարզում մենք ստացել ենք 714 ֆերմերի ցուցակ, ով որ գյուղից է։
Հավաքվածները վստահ են` գյուղում ապրողներին գյուղատնտեսությունից կրճատելով, ոլորտը չի զարգանա, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն այլ կարծիքի է, ինչու հարկատուների միջոցները արդյունավետ չծախսել, եթե հնարավոր է որևէ գործառույթ կրճատել ու պետական միջոցներն ուղղել այլ ծրագրերի։