Այսպիսին է լինելու Կողբ համայնքում կառուցվող Թումոյի շենքի վերջնական տեսքը:
Սահմանամերձ գյուղի երեխաները, աշխատանքը նախաձեռնած կազմակերպությունների հետ անհամբերությամբ են սպասում այդ օրվան: Շինարարական տեմպը որակի հաշվին չեն ցանկանում առաջ տանել, ասում են` դանդաղ են շտապում:
Արման Բարսեղյան («Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Այս պահի դրությամբ բետոնի աշխատանքներն ավարտված են, և պետք է անցնենք ներքին հարդարման ենթակառուցվածքների ձևավորմանը, որ հազարից ավելի երեխաների հյուրընկալի իր հարկի տակ:
«Կողբ» հիմնադրամը տարբեր նախաձեռնություններով փորձում է արագացնել աշխատանքը: Նույնիսկ չդադարող անձրևը հետ չէր պահել Երևանից մի քանի հարյուր կամավորներին, բնության սիրահարներին տեղի բնակիչների հետ մասնակցել Կողբի «Զիկատար» անտառային արգելավայրում ծառատունկին: Օգնելով Թումոյին՝ օգնում են նաև բնությանը:
Արման Բարսեղյան - Ինտերնետային համապատասխան հարթակում կարող են ծառը օնլայն ամրագրել, նվիրատվություն անել հիմնադրամին և գալ ծառը տնկել, եթե չեն կարողանում գալ, մենք կտնկենք, իսկ այդ գումարը ուղղելու ենք շինարարությունը ավարտելուն:
10-ամյա Սարգսի տատիկն ու պապիկը Կողբում են, ինքը Աբովյանից է եկել առաջին անգամ իր ծառը տնկելու:
Սարգիս Նասիբյան (դպրոցական) - Ծառ տնկելը շատ հաճելի բան ա, խորհուրդ կտամ բոլորն էլ ծառ տնկեն:
Շատերը եկել էին ընտանիքներով, աշխատանքային կոլեկտիվներով:
Պավել Պողոսյան («Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար) - Ամեն ծառ տնկելու խորհուրդը նոր կյանքի սկիզբն է, ամեն հայաստանցու պարտքն է գոնե մեկ ծառ տնկել և փորձել խնամել ու պահպանել այն:
Արման Ղազարյան (բեռնափոխադրող ընկերության տնօրեն) - Համոզված եմ՝ բոլորն էլ, եթե առաջին անգամ են անում, երկրորդ անգամ էլ կանեն, 300 ծառ մեր կազմակերպության կողմից է:
Բացի այդ, վերջին պատերազմում զոհված տղաների «Հավերժության պուրակում» նրանց հարազատների մասնակցությամբ 100 մայրի է տնկվել, իսկ 15 տեսակի 7 հազար ծառը անտառապատ կդարձնի «Զիկատար» արգելավայրի 5 հա տարածքը: