ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարի Գրիգորյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նախորդ շաբաթ Արցախում էին՝ «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ տնօրեն Սերգեյ Շահվերդյանի նախաձեռնությամբ՝ գործընկերների հետ քննարկելու Արցախում պատերազմի հետևանքով զգալիորեն տուժած զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր:
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումը ծավալվել է հետևյալ հարցերի շուրջ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացված ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով մեր երկիրը կորցրել է զբոսաշրջավայրերի շուրջ 80 տոկոսը: Այժմ Արցախի Հանրապետությունը կանգնած է զբոսաշրջային նոր արդյունքի ստեղծման ու քայլուղիների մշակման խնդրի առջև:
Նախարարի խոսքով՝ ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից արդեն կազմվել է Արցախում անվտանգ զբոսաշրջավայրերի ցանկ, որտեղ տուրիստները կարող են իրենց լիարժեք անվտանգ զգալ: Դեպի այդ տարածքներ նախնական փուլում իրականացվում են ճանաչողական այցեր, ինչից հետո նախատեսվում են դրանց բարեկարգման, տեղերում ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների տեղադրման ու հանրահռչակման աշխատանքներ:
Կարևորելով Արցախում ոլորտի վերակենդանացման անհրաժեշտությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը:
Ողջունելով հնչեցված առաջարկությունները՝ նախարարը շեշտել է, որ զբոսաշրջության զարգացումը առանցքային դեր է խաղում Արցախի ճանաչելիության ու տնտեսության զարգացման հարցերում, և ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: