Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ են: Առաջնահերթությունը այստեղ ևս տրվում է ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին:
Ռուզաննա Հակոբյան (Գավառի պետական համալսարանի ռեկտոր) - Գերադասում են պատվաստվել և կանխարգելել հիվանդությունը, քան հետո հարկադրված պայքարել դրա հետևանքների զանազան դրսևորումների դեմ:
Ըստ վիճակագրության՝ պատվաստվող քաղաքացիների թվում շատ են հատկապես մարզի բուժաշխատողները: Գեղարքունիքի մարզում պատվաստվածները առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ մինչև օրս չեն հայտնել:
Աիդա Յուզբաշյան (Գավառի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ) - Հեռախոսակապը բոլոր հիվանդների հետ պահպանվում է, հատկապես առաջին երեք օրը, երբ կարող է հիվանդը հանկարծ ու ջերմություն ունենա: Դա կարող է լինել 7-7.1, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում հիվանդի համար:
Աղավնի Կարապետյան (Գավառի պոլիկլինիկայի ռենտգենոլոգ) - Ծանր դեպքեր չենք ունեցել, պատվաստվածները չեն ջերմել, շատ լավ են տարել պատվաստումը: Գանգատներ չեն ունենում հիմնականում:
Որ ամենօրյա շփումն ավելի անվտանգ լինի՝ Գավառի պետական համալսարանի ռեկտորն իր օրինակն է բերում:
Ռուզաննա Հակոբյան - Ես դեմ առ դեմ կարող եմ աշխատել իմ ուսանողների, գործընկերների հետ՝ չունենալով մտավախություն, որ կվտանգեն նրանց կամ իմ կյանքը:
Պատվաստված քաղաքացիներին տրվում է համապատասխան անձնագիր, որով նրանք տեղեկացվում են երկրորդ պատվաստման ժամկետի մասին. այն մեկ ամսվա ընթացքում է կատարվում: Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 358 քաղաքացի, 140-ը՝ «Սպուտնիկ V»-ով, 218-ը՝ «ԱստրաԶենեկայով»: