Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հատուկ նիստում հայտնեց, որ այսօր տիկնոջ հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Ուզում եմ բոլորին կոչ անել պատվաստվել անպայման, ընդ որում՝ ԱԺ պատգամավորներին էլ եմ խնդրում պատվաստվել և լուսաբանել այդ պատվաստման փաստը: Որովհետև հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում և մեծ հավանականություն, որ 2021-ի երկրորդ կեսից կարող է մտցվել կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակում»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Հայաստանում պատվաստանյութի բավականին մեծ պաշար կա, և հնարավորություն ունեն լայնածավալ պատվաստումներ սկսելու:
«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կկարողանանք արագ տեմպերով հաղթահարել համավարակը: Միջազգային տուրիստական ընկերությունների համար շատ կարևոր չափանիշ է սահմանված, թե տվյալ երկրում պատվաստումների ի՛նչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Հայաստանի տարբեր վայրերում կարելի է տեսնել զբոսաշրջիկների, և եթե ճիշտ կազմակերպենք պատվաստման ցիկլը, կարող ենք վերադարձնել 2019-ի ծավալները: Եվ շատ կարևոր է, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները, սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատողների պատվաստման գործընթացը»,- նշեց Փաշինյանը:
Նա կոչ արեց պատվաստումների մասով շահարկումների չտրվել: