Հայոց ցեղասպանության հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիական հեղափոխության խորհրդանշան հանդիսացող Բաստիլի հրապարակը դարձել է հայերի՝ լռության ճիչն արձակող անկյունը։ Ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարների ցուցահանդեսում ցուցադրված 23 գունավոր, ինչպես նաև սև-սպիտակ լուսանկարները հեղինակի վերջին հինգ տարվա աշխատանքի արտացոլումն են: Դրանք ներկայացնում են հայերի հիշողությունը, պատմությունը, ներկան և ապագան։ 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Անտուանը 30 տարվա ընթացքում լուսանկարներով պատկերել է տասնյակ պատերազմներ, որոնք իրենց հետքն են թողել հայերի ճակատագրի և հիշողության վրա։ Աշխատելով ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի համար՝ Ագուջյանը վերջին տարիներին եղել է հակամարտության գոտիներում: Իրաքում լուսաբանել է Մոսուլի ճակատամարտը, ապստամբությունը և հակամարտությունը Սիրիայում, ինչպես նաև Արցախի քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմները։
Անտուան Ագուջյան («Ֆիգարո» պարբերականի լուսանկարիչ) - Ալֆորվիլ քաղաքում, ուր ես մեծացել եմ, իմ մանկության տարիներին Ցեղասպանությունը վերապրած մարդիկ կային, որոնք ունեին հիշողություն, պատմություն և լուսանկարներ: Նրանց պատմություններով ես մեծացա, երբ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը, ես գնացի Հայաստան և լուսանկարներ արեցի, այնուհետև որոշեցի այդ լուսանկարները պահել և զուգահեռներ անցկացնել հայերի վերապրածի միջև: Քառօրյա պատերազմին ևս ես Արցախում էի, և իմ հետևի լուսանկարն արվեց հենց այդ օրերին: Պատերազմի ժամանակ անգամ Պարգև Սրբազանն անցկացնում էր պատարագ, պատարագի ավարտին ծնվեց այս լուսանկարը:
Ֆրանսիան՝ ի հակադրումն լուռ աշխարհի, Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ճչաց Ագուջյանի լուսանկարներով, որոնք տեղ գտան աշխարհահռչակ «Ֆիգարո» պարբերականում: Պարբերականի շապիկին պատկերված Նորա մայրիկը կարծես լուռ և խոսուն վկան էր Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ տարվող Արցախյան պատերազմի:
Անտուան Ագուջյան - Պատերազմի օրերին ես երեկոյան, ինչպես շատերը, գնում էի Ստեփանակերտի եկեղեցի, որը թաքստոց էր ծառայում շատ փախստականների համար: Մի օր ես տեսա հադրութցի Նորա մայրիկի՝ կսկիծով լեցուն հայացքը: Նորա մայրիկը թողել էր ամեն ինչ և տեղափոխվել Ստեփանակերտ: Նրա հայացքում ես տեսա իմ մանկության մարդկանց այն բոլոր նույնանման հայացքները, ովքեր Ցեղասպանություն էին վերապրել, ես այդ հայացքը առհավետ դաջեցի իմ հիշողության և լուսանկարչական խցիկի մեջ:
Աշխարհահռչակ դրամատուրգ, երեք Մոլիերի մրցանակակիր, դերասան Սիմոն Աբգարյանը «Լռության ճիչը» ցուցահանդեսի նախաբանի հեղինակն է: Նա նշում է, որ ցուցահանդեսը, ներկայացնելով մեր անցյալը, ունի նաև հստակ ուղղություն դեպի ապագա և հավերժություն:
Նշենք, որ դեռևս 2015-ին Ագուջյանի հրատարակած «Լռության ճիչը» գիրքը հետքերի և հիշողության մասին հարցադրում է՝ Արևելքի և Արևմուտքի միջև:
Ժան-Ֆրանսուա Գերի («Ֆիգարո» պարբերականի լուսանկարների խմբագիր) - Հայաստանին և, առհասարակ, այդ տարածաշրջանին վերաբերող լուսանկարները պատմության վկաներն են: Իր արմատների, ինքնության, մշակույթի, ցավի և ապագայի մասին խոսող լուսանկարներն ինձ շատ են հուզել:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Բաստիլի հրապարակում բացված ցուցահանդեսը՝ «Հայերի լուռ ճիչը», մարդկանց կպատմի մինչև մայիսի 6-ը։