Բոստոնում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան, որը հայտնի է իր բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ: Թանգարանի տնօրեն Ջեյսոն Սոհիկյանի և ֆինանսական մասի ղեկավար Պերճ Չեքիջյանի ուղեկցությամբ հանձնակատարը ծանոթացել է թանգարանի նմուշներին, դրանց պատմությանը և ժամանակագրությանը, նաև տեղեկացավ առաջիկա ծրագրերի մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել թանգարանի հետ սփյուռքի և Հայաստանի հետ մշակութային կապերը սերտացնելու ուղղությամբ, հատկապես Արցախի վտանգված ժառանգության հանրահռչակման համատեքստում: Գլխավոր հանձնակատարն այցի ավարտին թանգարանի հուշամատյանում գրություն է կատարել, որում թանգարանն անվանել է փարոս ոչ միայն ամերիկահայ համայնքի, այլև Բոստոնի համար, նաև շնորհակալություն հայտնել Ամերիկայում հայկական մշակույթի պահպանման և տարածման համար՝ տեղեկացնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը: