Ադրբեջանի մեդիադաշտի և սոցցանցերի թիրախում է հայտնվել Ռուսաստանի РИА Новости լրատվական գործակալությունը, որն Արայիկ Հարությունյանին կոչել է Ղարաբաղի նախագահ:
«Ղարաբաղի նախագահը հայտնեց, որ իրեն որպես վկա հարցաքննել են սահմանադրական կարգը տապալելու գործով»,- գրել է РИА Новости-ն:
Ադրբեջանի ԶԼՄ-ները և սոցիալական մեդիայի օգտվողները, ովքեր չեն կարողանում հաշտվել Արցախի Հանրապետության գոյության հետ, Հարությունյանին անվանում են «ահաբեկիչների առաջնորդ»: Սակայն լինելով Արցախի ժողովրդի միջնորդի և անվտանգության երաշխավորի խոսափողը՝ РИА Новости-ն քաջատեղյակ է իրերի էությանը և չի խեղաթյուրում փաստերը, հայտնում է infoteka24-ը:
Եթե նախկինում ռուսական կողմը խնայում էր իր ոչ ադեկվատ և ծայրահեղ ագրեսիվ «գործընկերների» զգացմունքները, այժմ հասկացրել է, որ Արցախում ադրբեջանցիների էժանագին սադրանքներն ու Մոսկվայի վրա հարձակումները չափազանց անտեղի են:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Ալիևի քարոզիչներից մեկը փորձել էր խեղաթյուրել եռակողմ հայտարարության տեքստը՝ հայտարարելով, որ Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի ենթակայության տակ, ռուս խաղաղապահներն էլ դուրս են բերվելու տարածաշրջանից: Այդկերպ նրանք կասկածի տակ են դնում Ռուսաստանի հեղինակությունն ու իմիջը՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների պահպանման երաշխավոր: Միաժամանակ Բաքվում անցկացվում են հակառուսական բողոքի ցույցեր թշնամական կարգախոսներով, և ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկում նման գործողությունները ցրելու համար:
Բացի այդ, Ադրբեջանի զինուժը բազմիցս հարձակումներ է կատարում Արցախի գյուղերի ուղղությամբ, այդ թվում և՝ Ստեփանակերտի, ինչը նույնպես դիտվում է խաղաղապահ առաքելությունը խափանելու փորձ: