Աշխարհում չկա որևէ դեղամիջոց, որը չունենա կողմնակի ազդեցություն, այդ թվում՝ ծանր կողմնակի ազդեցություն: Պատվաստանյութերը նույնպես ունեն կողմնակի ազդեցություններ, տարբերությունը ռիսկերի և ռիսկերի գնահատման մեջ է: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով պատվաստումների թեմային:
«Խնդրում եմ և հորդորում եմ՝ դրսևորել այդ կամային հատկությունները և ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, քանի որ համաճարակը հաղթահարելու միակ տարբերակը պատվաստումներն են: Մնացածը՝ այն, ինչ որ մենք կիրառում ենք և շարունակելու ենք կիրառել՝ դիմակներ, սոցիալական հեռավորություն, ձեռքերի ախտահանում, ընդամենն օգնող միջոցներ են, մինչև ունենանք համընդհանուր պատվաստում»,- ասաց Զեյնալյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք կարիք կա՞ պատվաստվեն մարդիկ, որոնք արդեն հիվանդացել և լավացել են, ասաց՝ գոյություն չունի որևէ վիճակագրական հավաստի վերլուծություն, թե ինչքան է մնում իմունիտետն այդ դեպքում, և, հետևաբար, ովքեր հիվանդացել և լավացել են, նրանց ևս ցուցված է ստանալու պատվաստումներ: Զեյնալյանը նշեց, որ առաջիկայում ԱԺ-ում շրջիկ խմբի միջոցով պատվաստման գործընթաց ևս կկազմակերպվի: