Շուշիում եղանակը մռայլ է՝ տեսարանի պես: Հայկական Սուրբ խաչի վրա թուրքական ձեռագիրն է:
Իսկ թե ինչու է կադրը արագ փոխվում խաչից՝ կարելի է կռահել: Ադրբեջանցիները, այսպես կոչված, վերանորոգում են Ղազանչեցոցը՝ աչքից հեռու:
Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն, ճարտարապետ) - Եթե համարենք, որ իրոք վերանորոգում են, պետք է տախտակամածը դրվեր եկեղեցու հատվածում, իսկ մենք տեսնում ենք, որ զանգակատան հատվածն է նաև, որը պատերազմի ժամանակ չէր վնասվել, չէր տուժել: Այստեղ խնդիրը այլ է:
Խնդիրը հայկական հետքը վերացնելն ու եկեղեցու ծագումը նենգափոխելն է, ինչպես իրենք են սովոր՝ հայկականը՝ աղվանական ներկայացնելն է:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Ադրբեջանը, այո՛, բացեիբաց ոտնահարում է և միջազգային իրավունքը, և իրականացնում է ֆաշիզմի քաղաքականություն: Նա չի թաքցնում, չի հրաժարվում իր հանցավոր նպատակներից: Պետք է նախևառաջ դասեր քաղենք, երկրորդը՝ ցույց տանք այս բարբարոսությունը միջազգային տարբեր հարթակներում:
Հայաստանը խոսում է աշխարհի հետ Բաքվի քայլերի մասին: Հայտարարություններն առայժմ արդյունք չեն տալիս: Ադրբեջանը շարունակում է արգելել միջազգային կառույցների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Արցախի օկուպացված տարածքներ:
Արա Այվազյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար) - Մենք արդեն ականատես ենք եղել հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման նախադեպերին և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարություններին: Այս հարցը մեր մշտական ուշադրության և աշխատանքների շրջանում է, և ես կբերեմ մեկ օրինակ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվող «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցել են Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունները:
Մինչև բարձր ատյաններից Ալիևին կսաստեն, վանահայրը Ստեփանակերտից է աղոթում, մտքով՝ Ամենափրկիչ Ղազանչեցոցում:
Տեր Անդրեաս քահանա Թավադյան (ՀԱԵ Արցախի թեմի հոգևոր սպասավոր, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ) - Հայկական հետքը, որ ամենուր է, փորձում են վերացնել, որտեղ երևում է, մենք տեսանք աղբյուրի խաչը քանդել, վստահ եմ՝ ուրիշ արձանագրություն պետք է գրեն: Վերջերս համացանցում ականատես եղանք, որ եկեղեցու պարիսպները քանդել են:
Վիրավոր վանքի վանահայրը բերդաքաղաքի ազատագրումն է հիշում: Գիտեին՝ ոչ մի քայլ այլ հոգևոր արժեքների հանդեպ: 94-ին հայկական վերահսկողությանն անցած տարածքներում մզկիթները թեև տուժել, բայց չեն պղծվել:
Դավիթ Բաբայան - Իսկ իրենք քանդում են, դա աշխարհընկալման տարբերություն է, բայց չի նշանակում, որ մենք վաղը, եթե նորից ազատագրենք, իրենց կերպ կվարվենք:
Բաքվի ձեռագիրը բոլորը կհասկանան, երբ մի օր էլ Շուշի այցելեն լրատվամիջոցները, ինչպես Բի Բի Սի-ի լրագրողը, որ Ջրական էր այցելել, բացահայտել հայկական եկեղեցու անհետացումը:
Րաֆֆի Քորթոշյան - Կարմիր կովը իր կաշին չի փոխում, ենթադրում եմ, որ հիմա նրանք իրենց վանդալական գործերն ուզում են մի քիչ քաղաքակիրթ ձևով անեն: Որովհետև մենք տեսել ենք, չէ՞, ինչպես են արձանագրությունները կացինով ջնջում, Հադրութում խաչքար քանդում:
Խաչ քանդելու մոլուցքը Ադրբեջանի իշխանությունը սովորել է մեծ եղբորից, որը մինչև հիմա անպատիժ է: Արևմտյան Հայաստանում հայերի կոտորածից հետո մեր մշակութային ժառանգությունը ոչնչացվեց կամ վերածվեց մզկիթների, պահեստների... ու այ սա ի՛նչ է՝ մարզասրահ: Սեդա Պարսամյանը թուրքական ձեռագրից մի հատված էլ է հիշեցնում՝ Տրապիզոնի Սուրբ Ստեփանոսի օրինակով:
Սեդա Պարսամյան (ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ) - Ցեղասպանությունը վերապրածներն են, ովքեր եկան 18-ին ու եկեղեցին այս վիճակում գտան:
Արևմտյան Հայաստանի Սուրբ Ստեփանոս, թե Արցախի Ղազանչեցոց ու Դադիվանք՝ թուրքական նպատակը նույնն է՝ պղծել, քանդել կամ արգելել հայի աղոթքը: Անցնող շաբաթ համավարակի պատրվակով ադրբեջանցիներն արգելել են Արցախի թեմի առաջնորդի և ուխտավորների մուտքը Դադիվանք: