Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմին հաջորդած առաջին ապրիլի 24-ը աշխարհում հատուկ հնչեղություն ստացավ։ Պատմության մեջ առաջին անգամ օվկիանոսից այն կողմ՝ Սպիտակ տանը, 1915-ի զոհերի ոգեկոչման օրն ամենաբարձր մակարդակով հնչեց այդքան սպասված Genocide` ցեղասպանություն եզրույթը:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը:
Բայդենի պատմական ուղերձից հետո աշխարհում Հայոց ցեղասպանության շուրջ հետաքրքրվածության նոր ալիք սկսվեց: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման լուրն էր՝ հարցազրույցներ, վերլուծություններ, կանխատեսումներ:
Նարեկ Մինասյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Դեռևս ճանաչումից մեկ ամիս առաջ հեղինակավոր պարբերականներ կանխատեսում էին, որ ԱՄՆ-ն կճանաչի ցեղասպանությունը, ապրիլի 24-ին ընդառաջ հրապարակումներն ավելի ինտենսիվ դարձան, շատացան նաև վերլուծականները: Ճանաչումից հետո կրկին տարբեր հեղինակներ կանխատեսեցին դրա հնարավոր հետևանքները:
Աջակցության և զորակցության ուղերձներ հնչեցին Հայաստանի միջազգային գործընկերներից՝ երկրների առաջնորդներ, միջազգային կառույցների ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական անվանի գործիչներ:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է:
Ջասթին Թրյուդո (Կանադայի վարչապետ) - Հայոց ցեղասպանությունը աշխարհին ցույց տվեց բաժանման, օտարման և ատելության անընդունելի գինը: Կանադան կտրականապես դեմ է և դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը:
Ալբերտո Ֆերնանդես (Արգենտինայի նախագահ) - Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց ես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի կողքին եմ:
Միշել Աուն (Լիբանանի նախագահ) - Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է:
Նիկոս Անաստասիադես (Կիպրոսի նախագահ) - Շարունակում ենք համաշխարհային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման ջանքերը:
Հայ ժողովրդին իրենց աջակցությունը հայտնեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԵՄ խորհրդարանի պատգամավորներ և խմբակցություններ: Հիմնական կոչն էր՝ այլևս երբե՛ք:
Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դը Օզ - Մենք համախմբվել ենք հիշելու և ասելու՝ «Այլևս երբե´ք»: Ասելու ճշմարտությունը և մեր ձայնը լսելի դարձնելու։ Արդարություն գտնելու նրանց համար, ովքեր ժամանակին եղել են, և նրանց, ովքեր կլինեն։
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդո - Արդարության և հաշտեցման, ինչպես նաև մարդկային հանրության պատմության ընթացքում Ցեղասպանությունների թողած խոր վերքերի ամոքման ճանապարհն առաջին հերթին պահանջում է Ցեղասպանության հանցագործության միանշանակ ճանաչում։ Այդ իսկ պատճառով ես ԵՄ անդամ բոլոր երկրներին կոչ եմ անում ընդունել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքներ:
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը նշանավորվեց միջազգային հանրության կողմից հայ ժողովրդին աննախադեպ զորակցության արտահայտմամբ։ Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ Հայաստան ժամանեցին օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք իրենց զորակցությունը հայտնեցին հայ ժողովրդին և հանդես եկան ուղերձներով:
Միջազգային հանրության ձայնը միասնական էր՝ պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, և ներդրվեն համապատասխան մեխանիզմներ՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցագործությունների կրկնությունն ապագայում։
Թեև կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին՝ տարբեր երկրներից պատվիրակություններ եկան Հայաստան: Ուղերձներում կարևորվում էր, որ Ցեղասպանության ընդունումը հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար կարևոր քայլ է:
Պաշտոնական Երևանից ու աշխարհի շուրթերից հնչած այս տարվա ազդակը հստակ էր և միանշանակ՝ միջազգային հանրության զորակցությունը պետք է հանձնառություն դառնա նաև ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերի առումով: Հայաստանի արտգործնախարարությունը ապրիլքսանչորսյան ուղերձում շեշտեց՝ Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցագործություններ ծրագրողներին:
Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում հստակ ընդգծվում էր՝ Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են:
Պաշտոնական ուղերձներում կարմիր թելով անցնում էր, որ Ցեղասպանության թեման ֆիզիկական անվտանգությա խնդիր ունի, եթե Թուրքիան չի ճանաչում իր հանցանքը:
Երևանը որպես թուրք-ադրբեջանական ցեղասպան մտադրությունների դրսևորում ընդգծեց նաև պատմամշակութային, կրոնական ժառանգության ապացույցը ջնջելու Ադրբեջանի մոլուցքը՝ ապրիլի 24-ը նշանավորվեց նաև մշակութային ցեղասպանության հարցի բարձրացմամբ:
«Վտանգված ժառանգություն. Արցախ... » աշխարհին ուղղված ևս մեկ ահազանգի մասին խորհրդանշական խորագրով ցուցադրությունով ամփոփվեց ապրիլի 24-ը: